Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Մտավոր սեփականություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Մտավոր սեփականություն

1. Պայմանավորվող կողմերը իրենց օրենսդրությամբ կապահովեն մտավոր սեփականության իրավունքների համարժեք, արդյունավետ և ոչ խտրական պաշտպանությունը, ներառյալ, մասնավորապես, հեղինակային իրավունքի (համակարգչային ծրագրերի և տվյալների բազաների) և հարակից իրավունքների, ապրանքների և ծառայությունների, ապրանքանշանների, ապրանքների և ծառայությունների աշխարհագրական ցուցիչների, տեխնոլոգիայի բոլոր բնագավառներում գյուտերի արտոնագրերի, բույսերի սորտերի, արդյունաբերական նմուշների, ինտեգրալ սխեմաների տոպոգրաֆիաների և գաղտնի տեղեկատվության արդյունավետ և համարժեք պաշտպանությունը:

2. Արտոնագրերի պարտադիր լիցենզավորումը պետք է լինի ոչ բացառիկ, ոչ խտրական, ենթակա լինի արտոնագրի լիցենզիայի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցման և ենթակա լինի դատական կարգով վերանայման: Այս լիցենզիայի շրջանակները և տևողությունը պետք է սահմանափակվեն այն նպատակով, որի համար շնորհվել են: Ոչ աշխատանքային հիմունքներով շնորհված լիցենզիաները, պետք է կիրառվեն միայն այն չափով, որքանով դա անհրաժեշտ է ներքին շուկան պատշաճ առևտրային պայմաններ բավարարելու համար:

3. Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության համաձայն, պետք է ապահովեն կիրարկման դրույթներ, որոնք կլինեն համարժեք, արդյունավետ և ոչ խտրական, որպեսզի երաշխավորեն մտավոր սեփականության իրավունքների լիարժեք պաշտպանությունը խախտումներից, հատկապես կեղծումից և անօրինական օգտագործումից: Այդպիսի դրույթները պետք է ներառեն քաղաքացիական և քրեական սանկցիաներ մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ: Համապատասխան միջոցները պետք է լինեն անկողմնակալ և արդարացի: Դրանք չպետք է ավելորդ բարդացված և թանկ լինեն, հանգեցնեն ոչ խելամիտ ժամանակային սահմանափակումների կամ չարդարացված ձգձգումների: Դրանք պետք է մասնավորապես ներառեն կարգադրագիր, իրավատիրոջ կրած վնասի համարժեք փոխհատուցում, ինչպես նաև ժամանակավոր միջոցառումներ, ներառյալ «inaudita altera parte»: Մտավոր սեփականության հարցերով վերջնական վարչական որոշումները պետք է ենթակա լինեն վերանայման դատական կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ ատյանի կողմից:

4. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ներքին օրենսդրությունը չի ապահովում սույն Համաձայնագրի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում նշված պաշտպանությունը, այն չպետք է շտկվի 2000 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

5. Պայմանավորվող կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները հետևյալ բազմակողմ պայմանագրերի հիմնական դրույթներին համապատասխան գործելու համար.

ա) ԱՀԿ Համաձայնագիր մտավոր սեփականության իրավունքների առևտրին վերաբերող տեսակետների մասին («TRIPS» համաձայնագիր), 1994 թվականի ապրիլի 15,

բ) 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիա արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին (Ստոկհոլմյան ակտ, 1967 թ.),

գ) 1886 թվականի սեպտեմբերի 9-ի Բեռնի կոնվենցիա, Գրականության և արվեստի ստեղծագործությունների պաշտպանության մասին (Փարիզյան ակտ, 1971 թ.),

դ) 1961 թվականի հոկտեմբերի 26-ի միջազգային կոնվենցիա Ձայնագրություն կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պաշտպանության մասին (Հռոմի կոնվենցիա):

Ավելին, Պայմանավորվող կողմերը, որոնք վերոհիշյալ համաձայնագրերից մեկի կամ մի քանիսի մասնակից չեն, պետք է դրանց միանան ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:

6. Այն դեպքում, երբ մտավոր սեփականության իրավունքը ձեռք է բերվում շնորհման կամ գրանցման հիման վրա, Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն, որ շնորհման կամ գրանցման ընթացակարգերը լինեն բարձրորակ, ոչ խտրական, անկողմնակալ և արդարացի: Դրանք չպետք է լինեն ավելորդ բարդացված և թանկ կամ հանգեցնեն ոչ խելամիտ ժամանակային սահմանափակումների կամ չարդարացված ձգձգումների:

Այն Պայմանավորվող կողմը, որը հետևյալ համաձայնագրերից մեկի կամ մի քանիսի մասնակից չէ, պետք է դրանց միանա ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում.

ա) 1891 թվական ապրիլի 14-ի Մադրիդի Համաձայնագիր Նշանների միջազգային գրանցման վերաբերյալ (Ստոկհոլմյան ակտ, 1967 թվական),

բ) Նշանների միջազգային գրանցման վերաբերյալ Մադրիդի Համաձայնագրի Արձանագրություն (1989 թվական հունիսի 27),

գ) 1925 թվական նոյեմբերի 6-ի Հաագայի Համաձայնագիր Արդյունաբերական նմուշների միջազգային դեպոզիտի վերաբերյալ (Ստոկհոլմյան ակտ, 1967 թվական):

7. Պայմանավորվող կողմերը մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կտրամադրեն ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ, քան իրենց քաղաքացիներին: Այս պարտավորություններից բացառություններ կարող են արվել «TRIPS» Համաձայնագրի 3-րդ հոդվածի հիմնական դրույթների համաձայն:

8. Պայմանավորվող կողմերը մյուս կողմի քաղաքացիներին կտրամադրեն ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ, քան մեկ այլ պետության քաղաքացիներին:

Համաձայն «TRIPS» Համաձայնագրի 4-րդ հոդվածի «դ» կետի` Պայմանավորվող կողմերից մեկի համար գործող միջազգային համաձայնագրից բխող յուրաքանչյուր առավելության, նպաստավորության, արտոնության կամ անձեռնմխելիության վերաբերյալ մյուս Պայմանավորվող կողմին ծանուցումը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ամենաուշը 6 ամսվա ընթացքում ազատում է այս պարտավորությունից` պայմանով, որ չի առաջացնում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամայական կամ անարդարացի խտրականություն: Այն Պայմանավորվող կողմը, որը ԱՀԿ անդամ է, կազատվի ծանուցման պարտականությունից, եթե նա արդեն ծանուցել է «TRIPS»-ի Խորհրդին:

9. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մակարդակի հետագա կատարելագործման և դրանց առևտրի խախտումներից խուսափելու կամ դրանք շտկելու նպատակով սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում («Վերանայում և ընդլայնում») նշված վերանայումները կարող են վերաբերել սույն հոդվածին:

10. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ մյուսը չի կատարել սույն հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, ապա նա կարող է ձեռնարկել սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով («Համատեղ հանձնաժողով») նախատեսված պայմաններով և ընթացակարգերի համաձայն համապատասխան միջոցներ: Հանձնաժողովը պետք է անհապաղ նախաձեռնի հարցի քննարկումը շահագրգիռ Պայմանավորվող կողմի խնդրանքով` ծանուցում ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Համատեղ հանձնաժողովը կարող է տալ համապատասխան հանձնարարականներ և որոշում կայացնել հետագա գործողությունների մասին: Եթե ծանուցման օրից 60 օրվա ընթացքում երկկողմ բավարար լուծում չի գտնվել, ապա վնասներ կրած կողմը կարող է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասի հետևանքները վերացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։