Հոդված 4
Հոդված 4
Համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքների ձևակերպումը
1. Համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքներով ձևակերպվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) ակտեր՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ստուգմանն ուղղված համատեղ հսկողական միջոցառման արդյունքների վերաբերյալ (այսուհետ՝ ստուգման ակտեր).
բ) անդամ պետությունների լիազորված անձանց գրավոր առարկություններ (առկայության դեպքում).
գ) ամփոփ հաշվետվություն՝ համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքների մասին (այսուհետ՝ ամփոփ հաշվետվություն)։
2. Անդամ պետության լիազորված մարմնի ստուգմանն ուղղված համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքները ձևակերպվում են ստուգման ակտով։
Ստուգման ակտը կազմվում է մեկական օրինակից՝ անդամ պետության լիազորված մարմնի և յուրաքանչյուր անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի համար, ստորագրվում է հսկողության համատեղ խմբի անդամների և անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) կողմից։
Անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարին (նրա կողմից լիազորված անձին), որի նկատմամբ անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը, տրամադրվում է 3 աշխատանքային օր՝ ստուգման ակտի հետ ծանոթանալու համար։
Ստուգման ակտի վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարը (նրա կողմից լիազորված անձը) ստորագրում է այն՝ առարկությունների առկայության վերաբերյալ վերապահումով։ Գրավոր առարկությունները, անհրաժեշտ տեղեկատվության ու փաստաթղթերի կցմամբ, ստուգման ակտի ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվել է համատեղ հսկողական միջոցառումը, և հաշվի են առնվում ամփոփ հաշվետվության պատրաստման ժամանակ։
Համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքներով՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ձևակերպումն իրականացվում է անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը։
3. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինը, համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքներով, ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա նոյեմբերի 1-ը, կազմում է ամփոփ հաշվետվության նախագիծ, որի մեջ ներառվում են ստուգման ակտում շարադրված փաստերը, տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում՝ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հարցումների հիման վրա ստացված տեղեկատվության և փաստաթղթերի վերլուծության արդյունքներն ու անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր առարկությունների քննարկումները (առկայության դեպքում), եզրահանգումներն ու բացահայտված խախտումների վերացման վերաբերյալ առաջարկությունները:
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինը ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացմանը նախորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով հրավեր է ուղարկում այդ նիստին դրա ներկայացուցիչների մասնակցության համար (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)։
Անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացմանը նախորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում իրենց պետությունների լիազորված մարմիններ, կենտրոնական մաքսային մարմիններ, ազգային (կենտրոնական) բանկեր հրավերներ են ուղարկում՝ համատեղ կոլեգիայի նիստին դրանց ներկայացուցիչների մասնակցության համար (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)՝ յուրաքանչյուր մարմնի (բանկի) իրավասության շրջանակներում։
Ամփոփ հաշվետվությունը ստորագրվում է անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից՝ համատեղ կոլեգիայի նիստին։
Համատեղ կոլեգիայի նիստն անցկացվում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ը։
Անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների որոշմամբ համատեղ կոլեգիայի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով՝ ստորագրվող ամփոփիչ փաստաթղթերի հետագա փոխանակմամբ։
4. Ամփոփ հաշվետվությունը, դրա ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է՝
անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից՝ իրենց պետությունների կառավարություններ.
սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
5. Համատեղ կոլեգիայի որոշմամբ ամփոփ հաշվետվությունը՝ Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում հրապարակման ենթակա մասով՝ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից տեղադրվում է իրենց պաշտոնական կայքերում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում։