Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Համատեղ հսկողական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը

1. Համատեղ հսկողական միջոցառումներն ամեն տարի անցկացվում են յուրաքանչյուր անդամ պետության լիազորված մարմնում և պետք է ավարտվեն բոլոր անդամ պետությունների տարածքներում ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ը։

Համատեղ հսկողական միջոցառումներ անցկացնելու նպատակով անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի ներկայացուցիչների գործուղման ծախսերն իրականացվում են այդ անդամ պետության բյուջեի միջոցների հաշվին։

2. Համատեղ հսկողական միջոցառում անցկացնելու համար կազմվում է համատեղ հսկողական միջոցառում անցկացնելու ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։

Հերթական հաշվետու տարվա ծրագիրը մշակվում է այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից, որին այդ հաշվետու տարում նախագահում են Եվրասիական տնտեսական միության մարմինները՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։

Ծրագրով որոշվում են համատեղ հսկողական միջոցառման առարկան, օբյեկտները, նման միջոցառման շրջանակներում լուծվող հարցերը, օբյեկտներում դրա անցկացման ժամկետները, անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներից կազմված՝ հսկողության համատեղ խմբի կազմը (այսուհետ՝ հսկողության համատեղ խումբ), անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների համատեղ կոլեգիայի նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը (այսուհետ՝ համատեղ կոլեգիա)։

Ծրագիրը հաստատվում է անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից ոչ ուշ, քան մինչև հաջորդ հաշվետու տարվա ապրիլի 1-ը։

Այն անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները, որոնց տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը, իրենց պետությունների լիազորված մարմիններ ուղարկում են ծրագիրը՝ կից ներկայացնելով նշված միջոցառման կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

3. Անդամ պետությունների լիազորված մարմինները հսկողության համատեղ խմբի անդամների համար ապահովում են աշխատանքի պատշաճ պայմաններ (կազմակերպում են լիազորված մարմնի տարածքի հասանելիությունը, տրամադրում են առանձին շինություն, օրգտեխնիկա, կապի ծառայություններ) և աջակցում են համատեղ հսկողական միջոցառման անցկացմանը։

Հսկողության համատեղ խմբի անդամները որոշում են այս կամ այն հսկողական գործողությունների, տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ձևերի ու եղանակների, վերլուծական ընթացակարգերի անցկացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ինչպես նաև պահանջվող տեղեկությունների ու ապացույցների հավաքումն ապահովող տվյալների ընտրության ծավալը։

Հսկողության համատեղ խմբի անդամները պարտավոր են պահպանել ժամանման պետության օրենսդրությունը, ինչպես նաև համատեղ հսկողական միջոցառումների անցկացման՝ այդ պետությունում կիրառվող կանոններն ու ընթացակարգերը։

4. Անդամ պետությունների լիազորված մարմինները հսկողության համատեղ խմբի անդամներին տրամադրում են ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման, անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ դրանց փոխանցման հետ կապված տեղեկատվություն և փաստաթղթեր։

Այն դեպքում, երբ համատեղ հսկողական միջոցառման անցկացման համար անհրաժեշտ է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններից և ազգային (կենտրոնական) բանկերից լրացուցիչ տեղեկատվության ու փաստաթղթերի ստացումն այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը, այդպիսի մարմիններ (բանկեր) ուղարկվում են հարցումներ՝ համապատասխան տեղեկատվության ու փաստաթղթերի տրամադրման մասին։

Հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը կամ պարզաբանումները (եթե հարցվող տեղեկատվության ու փաստաթղթերի ներկայացումն անհնար է) ուղարկվում են այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի հարցման մեջ նշված ժամկետներում։

Հարցվող փաստաթղթերը ներկայացվում են պատճենների տեսքով՝ թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային տեսքով։

5. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանցումը թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային տեսքով իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։