Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Պահեստային վկայագիրը ոչ էմիսիոն արժեթուղթ է, որը պահեստի կողմից թողարկվում (տրամադրվում) է՝ ի հաստատումն գյուղատնտեսական արտադրանքի որոշակի քանակ ի պահ ընդունելու, և որով հավաստվում է այդ արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև՝ գրավով ապահովված պարտավորությունների կատարումը պահանջելու իրավունքը։

Պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները ձևակերպվում են պահատվության պայմանագրով։ Պահատվության պայմանագրում ներառվող տեղեկությունների ցանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։

2. Պահեստային վկայագիրը թողարկվում (տրամադրվում) է փաստաթղթային (պահեստային և գրավային մասերից բաղկացած) և (կամ) ոչ փաստաթղթային տեսքով։

3. Պահեստային վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր տեղեկությունները՝

ա) պահեստային վկայագրի համարը և թողարկման (տրամադրման) ամսաթիվը,

բ) պահեստի անվանումը, դրա գտնվելու վայրն ու որպես անդամ պետության հարկ վճարող անձի նույնականացման համարը,

գ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ հանձնած՝ պահեստային վկայագրի իրավատիրոջ անվանումը, նրա գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի համար, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ ֆիզիկական անձի համար, որպես անդամ պետության հարկ վճարող անձի նույնականացման համարը (առկայության դեպքում),

դ) ի պահ ընդունված գյուղատնտեսական արտադրանքի տեսակը, դրա քանակական և որակական բնութագրերը,

ե) ժամկետը, որով գյուղատնտեսական արտադրանքն ի պահ է ընդունվել,

զ) պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվության վավերապայմանները,

է) գյուղատնտեսական արտադրանքի պահատվության համար վարձատրության մասին տեղեկությունները,

ը) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը երաշխավորող ֆոնդի (ֆոնդերի) մասին և (կամ) պահեստային վկայագրի իրավատիրոջ նկատմամբ պահեստի ունեցած քաղաքացիաիրավական պատասխանատվության ապահովագրման մասին տեղեկությունները,

թ) գրավառուի անվանումը, գտնվելու վայրը, նրա՝ որպես անդամ պետության հարկ վճարողի նույնականացման համարը՝ գյուղատնտեսական արտադրանքի գրավադրման դեպքում,

ժ) պահեստային վկայագրի սերիան և ձևաթղթի համարը, ինչպես նաև՝ պահեստային վկայագրից բխող իրավունքների փոխանցման մասին տեղեկությունները (պահեստային վկայագրի փաստաթղթային ձևի համար)։

4. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը պահեստային վկայագիր չի համարվում։

5. Փաստաթղթային ձևով թողարկվող (տրամադրվող) պահեստային վկայագիրը ձևակերպվում է տպագրական եղանակով պատրաստվող և պաշտպանության առնվազն 4 աստիճան ունեցող ձևաթղթի վրա։

Ձևաթղթերի ձևը, դրանց պատրաստման, ձեռքբերման, պահպանման և ոչնչացման կարգը, պաշտպանության տեսակներն ու աստիճանները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։