Հոդված 1
Հոդված 1
1. Սույն համաձայնագրով սահմանվում է անդամ պետությունների տարածքներում հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգն այն դեպքերում, երբ հեղինակների, կատարողների, հնչյունագրեր պատրաստողների (արտադրողների) ու հեղինակային և (կամ) հարակից իրավունքների այլ իրավատերերի (այսուհետ՝ իրավատերեր) կողմից հեղինակային և (կամ) հարակից իրավունքների գործնականում իրականացումն անհատական կարգով դժվարացված է կամ, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ թույլատրվում է այդ իրավունքների օբյեկտների օգտագործումը՝ առանց իրավատերերի համաձայնության, սակայն վարձատրության վճարմամբ:
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման ոլորտներում անդամ պետությունները նախատեսում են իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների ստեղծման հնարավորություն:
3. Իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների լիազորությունների իրականացման հիմք է իրավունքների կառավարման լիազորությունների փոխանցման պայմանագիրը, որը գրավոր կնքվում է իրավատիրոջ, ինչպես նաև իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող այլ կազմակերպությունների հետ՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի:
4. Հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման համապատասխան ոլորտներում իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններին, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող են վերապահվել ինչպես այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպություններին, այնպես էլ այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց: Այդպիսի լիազորությունները վավեր են այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի օրենսդրությանը համապատասխան, դրանք տրվել են:
5. Եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) վերապահվում են լիազորություններ իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման և վարձատրության հավաքման համար՝ ինչպես ի շահ այն իրավատերերի, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպությանը, այնպես էլ ի շահ այն իրավատերերի, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց, ապա անդամ պետությունն իր օրենսդրությամբ նախատեսում է համապատասխան պետական մարմնին լիազորություններ վերապահել այդպիսի կազմակերպության գործունեության նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար (այսուհետ՝ լիազորված մարմին):
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու այլ դեպքեր:
Անդամ պետությունների լիազորված մարմինները փոխգործակցում են միմյանց հետ, այդ թվում՝ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն։