Հոդված 17. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների օջախների վերացման միջոցառումները
Հոդված 17. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների օջախների վերացման միջոցառումները
1. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների կասկածի դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հիվանդության տարածումը կանխելու համար:
2. Անասնաբուժական ծառայությունը պարտավոր է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշումը հաստատել լիազորված մարմնի միջոցով՝ լաբորատոր հետազոտության ուղարկելով ախտաբանական նմուշներ:
3. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշումը հաստատվելուց հետո սահմանվում է կարանտին, և համապատասխան կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվում հիվանդության վերացման և տարածումը կանխելու նպատակով: Կարանտինի սահմանման դեպքում դրվում է լրիվ կամ մասնակի արգելք, որի ընթացքում կարանտինային գոտում կարող են սահմանափակվել կամ դադարեցվել կենդանիների, մարդկանց, հասարակական տրանսպորտի տեղաշարժը, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի տեղափոխումը:
4. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերացման միջոցառումների համալիրում, հաշվի առնելով հիվանդության հարուցիչի ախտածնությունը և վարակունակությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի աշխարհագրական դիրքը և բնական այլ պայմանները, որոշվում են`
1) վարակի օջախի տարածքի սահմանները.
2) վարակի օջախի շուրջը 3 կմ շառավղով պաշտպանվող շրջակայքի սահմանները.
3) պաշտպանվող շրջակայքի շուրջը վերահսկվող 10 կմ շառավղով տարածքի սահմանները:
5. Նշված տարածքներում (այսուհետ` կարանտինային գոտի) իրականացվում են հակաանասնահամաճարակային հետևյալ միջոցառումները`
1) եթե կարանտինային գոտին ներառում է երկու սահմանակից մարզերի տարածքները, ապա հիվանդության վերացման միջոցառումները պլանավորվում և իրականացվում են համատեղ՝ երկու մարզերի անասնաբուժական ծառայությունների կողմից, իսկ եթե անասնահամաճարակը ընդգրկել է երեք և ավելի մարզեր, հիվանդության վերացման միջոցառումների իրականացումը կազմակերպում է լիազորված մարմինը.
2) եթե կենդանիների վերը նշված ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչը վտանգավոր է նաև մարդկանց առողջության համար, անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են առողջապահության մարմինների հետ համատեղ.
3) լիազորված մարմինը լրացուցիչ միջոցառումներ` կարանտինի ժամկետի երկարաձգում, համայնքների ու մարզերի տարածքում հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցների երթուղիների արգելք, երթուղափոփոխություն իրականացնելու առաջարկություններով պետք է դիմի տարածքային պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության և այլ ուժեր ու միջոցներ, որոնք համապատասխան միջոցառման մասին պետք է որոշում կայացնեն 24 ժամվա ընթացքում.
4) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հաստատումից հետո սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքներում վարակի օջախի վերացման վերաբերյալ անասնաբուժական ծառայության մասնագետի կարգադրությունները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար.
5) անասնաբուժական ծառայության մասնագետը կարող է պարտադրել սպանդանոցներում, կենդանական ծագման մթերք և հումք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնների համաձայն՝ սանիտարական հարկադիր սպանդի ենթարկել կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդ կենդանիներին կամ վերամշակել դրանց սպանդից գոյացած մթերքն ու հումքը, որոնց վերացման ու հետագա տարածումը կանխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահանջվում է իրականացնել համապատասխան միջոցառումներ.
6) եթե կենդանիների վարակիչ հիվանդության վերացման կամ դրա տարածումը կանխելու համար անհրաժեշտ է ոչնչացնել անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիներին, դրանց սաղմերը, մորթին, կաշին, մսեղիքը, սպանդի մնացորդները կամ կենդանական ծագման այլ մթերք ու հումք, ապա ֆիզիկական և իրավաբանական անձինք, անասնաբուժական ծառայության մասնագետի գրավոր ցուցումների համաձայն, դրանք ոչնչացնում են թաղման, այրման կամ օգտահանման եղանակներով: