Հոդված 4
Հոդված 4
Համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքների ձևակերպումը
1. Համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքներով կազմվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) անդամ պետությունների լիազորված մարմինների ստուգմանն ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառման արդյունքների վերաբերյալ ակտեր (այսուհետ՝ ստուգման ակտեր).
բ) անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր առարկություններ (առկայության դեպքում).
գ) ամփոփ հաշվետվություն համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (այսուհետ՝ ամփոփ հաշվետվություն)։
2. Անդամ պետության լիազորված մարմնի ստուգմանն ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքները ձևակերպվում են ստուգման ակտով։
Ստուգման ակտի ձևը սահմանվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից։
Ստուգման ակտը կազմվում է մեկական օրինակից՝ անդամ պետության լիազորված մարմնի համար և յուրաքանչյուր անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի համար, ստորագրվում է վերահսկողության համատեղ խմբի անդամների և անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) կողմից։
Այն անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարին (նրա կողմից լիազորված անձին), որի նկատմամբ անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը, ստուգման ակտի հետ ծանոթանալու համար տրվում է ստուգման ակտի օրինակը տրամադրելու օրվանից մինչև 3 աշխատանքային օր։
Ստուգման ակտի վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարը (նրա կողմից լիազորված անձը) ստորագրում է այն՝ առարկությունների առկայության վերաբերյալ վերապահումով։ Գրավոր առարկությունները, անհրաժեշտ տեղեկատվության ու փաստաթղթերի կցմամբ, ստուգման ակտի ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են այն անդամ պետության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվել է համատեղ վերահսկիչ միջոցառումը, և հաշվի են առնվում ամփոփ հաշվետվության պատրաստման ժամանակ։
Համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքներով՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ձևակերպումն իրականացվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը։
3. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինը հաշվետու տարվան հաջորդող տարվա նոյեմբերի 1-ից ոչ ուշ համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքներով կազմում է ամփոփ հաշվետվության նախագիծ, որում ներառվում են ստուգման ակտերում շարադրված փաստերը, տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում՝ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարցումներով ստացված տեղեկատվության և փաստաթղթերի վերլուծության արդյունքները և անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր առարկությունների (առկայության դեպքում) ուսումնասիրությունները, եզրահանգումները և հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ առաջարկությունները։
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինը ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ուղարկում այդ նիստին դրա ներկայացուցիչների մասնակցության հրավեր (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)։
Անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ, իրենց պետությունների լիազորված մարմիններ, կենտրոնական մաքսային մարմիններ, ազգային (կենտրոնական) բանկեր են ուղարկում համատեղ կոլեգիայի նիստին դրանց ներկայացուցիչների՝ յուրաքանչյուր լիազորված մարմնի, կենտրոնական մաքսային մարմնի, ազգային (կենտրոնական) բանկի իրավասության շրջանակներում մասնակցության հրավերներ (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)։
Ամփոփ հաշվետվությունը ստորագրվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից համատեղ կոլեգիայի նիստում։
Համատեղ կոլեգիայի նիստն անցկացվում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից հաշվետու տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։
Անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների որոշմամբ՝ համատեղ կոլեգիայի նիստը կարող է անցկացվել տեսահամաժողովի ռեժիմով՝ ստորագրվող ամփոփիչ փաստաթղթերի հետագա փոխանակմամբ։
4. Ամփոփ հաշվետվությունը դրա ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա) անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից ուղարկվում է իրենց պետությունների կառավարություններ.
բ) սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
5. Համատեղ կոլեգիայի որոշմամբ ամփոփ հաշվետվության՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում հրապարակման ենթակա մասը անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից տեղադրվում է իրենց պաշտոնական կայքերում և ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակելու համար։