Հոդված 3
Հոդված 3
Աշխատավորների հավասար իրավունքները
1. Աշխատավորների կենսաթոշակային իրավունքների ձևավորումն իրականացվում է կենսաթոշակային վճարների հաշվին՝ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների ձևավորման միևնույն պայմաններով և միևնույն կարգով։
2. Աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակի նշանակման և վճարման իրավունքն իրագործվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող միևնույն պայմաններով։
3. Աշխատավորը (նրա ընտանիքի անդամը) իրավունք ունի դիմելու բնակության պետության իրավասու մարմին և (կամ) աշխատանքի տեղավորման պետության իրավասու մարմին՝ կենսաթոշակի նշանակման և վճարման համար։
Կենսաթոշակային ապահովության նպատակով դիմումը և մյուս փաստաթղթերը մեկ անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվը համարվում է դրանք մյուս անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվ։
Սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում իրավասու մարմինների միջև փաստաթղթերի առաքման ժամկետը չի ներառվում կենսաթոշակ սահմանելու մասին դիմումն ուսումնասիրելու և դրա մասին որոշում ընդունելու ժամկետի մեջ։
4. Աշխատավորին (նրա ընտանիքի անդամին) կենսաթոշակի նշանակումը և վճարումը չեն կարող մերժվել մեկ այլ անդամ պետության տարածքում բնակության վայրի հիմքով, եթե սույն համաձայնագրով այլ բան սահմանված չէ։