Հոդված 7
Հոդված 7
Կենսաթոշակի իրավունքի սահմանումը
1. Յուրաքանչյուր անդամ պետություն կենսաթոշակի իրավունքը սահմանում է իր օրենսդրությանը համապատասխան՝ ելնելով իր տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժից, հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։
2. Եթե մեկ անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի առաջացման համար, ապա հաշվի է առնվում մյուս անդամ պետությունների տարածքում այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձեռք բերված աշխատանքային ստաժը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի աշխատանքային ստաժը ժամանակի առումով համընկնում է։
3. Ռուսաստանի Դաշնությունում՝ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կենսաթոշակի իրավունքը սահմանելիս անհատական կենսաթոշակային գործակցի մեծությունը որոշվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի ժամանակահատվածների համար:
Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան որոշված անհատական կենսաթոշակային գործակցի մեծությունը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի առաջացման համար, հաշվի է առնվում անհատական կենսաթոշակային այն գործակցի մեծությունը, որն անդամ պետությունների տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի 1 տարվա համար հավասար է 1-ի: Ընդ որում, աշխատանքային ստաժի 1 ամիսը կազմում է լրիվ օրացուցային տարվա գործակցի 1/12 մասը, իսկ 1 օրը՝ լրիվ օրացուցային տարվա գործակցի 1/360 մասը:
4. Որոշակի մասնագիտությամբ որոշակի պաշտոնում կամ աշխատանքային որոշակի պայմաններով և կազմակերպություններում աշխատանքի առնչությամբ կենսաթոշակի իրավունքը մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանելիս մյուս անդամ պետության տարածքում ձեռք բերված համանման աշխատանքային ստաժն առաջին անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժին չի գումարվում, սակայն հաշվի է առնվում որպես ընդհանուր հիմունքներով աշխատանքային ստաժ։
5. Սույն համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակի իրավունքը, բացառությամբ կուտակային կենսաթոշակի, ինչպես նաև հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի իրավունքը, ծագում է այն անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի առնվազն 12 լրիվ ամիսների առկայության դեպքում, որի օրենսդրության համաձայն աշխատավորը (նրա ընտանիքի անդամը) հավակնում է դրա նշանակմանը։
Կուտակային կենսաթոշակի, ինչպես նաև հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի իրավունքը սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։