Հոդված 3
Հոդված 3
Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցում (մոտարկում)
1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալը սահմանելու միջոցով՝
1) ծխախոտային արտադրանքի համար ակցիզների ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափերը (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափեր).
2) 4-ամյա ժամկետը, որի ընթացքում իրականացվում է ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելը.
3) ծխախոտային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերի` ինդիկատիվ դրույքաչափից շեղման տիրույթները (այսուհետ՝ շեղման տիրույթներ):
2. Ինդիկատիվ դրույքաչափը և շեղման տիրույթները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ դրանք կիրառելու ժամկետից հաշված 1 օրացուցային (բյուջետային) տարի ժամկետով, որը հաջորդում է սույն համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված ժամկետին:
3. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ ու ակցիզի յուրահատուկ և (կամ) ադվալորային մասերի հանրագումարն են:
4. Ինդիկատիվ դյրույքաչափը կիրառվում է անդամ պետության ազգային արժույթի նկատմամբ եվրոյի այն փոխարժեքով, որը գործում է բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ։
5. Անդամ պետությունները Հանձնաժողովի կոլեգիային առընթեր՝ հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական մարմնի աշխատանքների շրջանակներում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամկետի ավարտին նախորդող 2 տարվա ընթացքում առաջարկություններ են մշակում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ։
6. Ինդիկատիվ դրույքաչափի չափի և շեղման տիրույթների փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքի՝ ավելի քան 15 տոկոսով փոփոխության դեպքում, Հանձնաժողովի խորհուրդն իրավասու է ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ ընդունելու որոշում համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։