Հոդված 1
Հոդված 1
«Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ (այսուհետ՝ ԱՏԳ), ապրանքները հաշվառման վերցնելու օրվա դրությամբ ԱՏԳ ռեզիդենտներ հանդիսացող հարկ վճարողների կողմից ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է սույն արձանագրության 19-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան։
Եթե նշված ապրանքները չեն իրացվել կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի՝ մինչև դրանք հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվա ավարտը, ապա հաշվարկված ԱԱՀ-ն ԱՏԳ ռեզիդենտներ հանդիսացող հարկ վճարողների կողմից ենթակա է վճարման ներմուծված այն ապրանքների մասով, որոնք չեն իրացվել կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի։ Ընդ որում, մինչև ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվա ավարտը չիրացված կամ առանց ԱԱՀ-ի իրացված՝ նշված ապրանքների հարկային բազան սահմանվում է սույն կետին համապատասխան։».
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Անուղղակի հարկերը՝ բացառությամբ դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների ակցիզների, վճարվում են հետևյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ՝
ներմուծված ապրանքների՝ հաշվառման վերցնելու, եթե այլ բան նախատեսված չէ սույն կետով.
ֆինանսական վարձակալության պայմանագրով նախատեսված վճարման ժամկետի։
Մեկ անդամ պետության տարածքից ԱՏԳ տարածք ներմուծված և մինչև դրանք հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվա ավարտը չիրացված կամ առանց ԱԱՀ-ի իրացված ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումը կատարվում է ոչ ուշ, քան այդ ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը։
Դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների մասով ակցիզների վճարումը կատարվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-րդ կետով՝
«20.1. ԱՏԳ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը պարտավոր է ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներկայացնել հարկային հայտարարագիր և սույն արձանագրության 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ սույն արձանագրության 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի)։
Բացի այդ՝ ԱՏԳ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը պարտավոր է նաև ոչ ուշ, քան մեկ անդամ պետության տարածքից ԱՏԳ տարածք ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներկայացնել սույն արձանագրության 20-րդ կետով նախատեսված հարկային հայտարարագիրը։ Հարկային հայտարարագրում պետք է արտացոլվեն չիրացված ապրանքների և (կամ) դրանք հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում իրացված՝ նշված ներմուծված ապրանքների մասին տեղեկությունները։ Չիրացված կամ առանց ԱԱՀ-ի իրացված՝ ներմուծված ապրանքների մասով հարկային հայտարարագրի հետ միաժամանակ ԱՏԳ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում ներմուծված ապրանքների մասով ԱԱՀ-ի փաստացի վճարումը հաստատող՝ բանկի քաղվածքը կամ ԱԱՀ-ի վճարման մասով հարկային պարտավորությունների կատարումը հաստատող այլ փաստաթուղթ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածք ներմուծվել են ապրանքները։ ԱՏԳ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողի մոտ ավելի վճարված (բռնագանձված) հարկերի, վճարների գումարների կամ վերադարձման (հաշվանցման) ենթակա անուղղակի հարկերի գումարների առկայության դեպքում՝ ինչպես մեկ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք ապրանքների ներմուծման, այնպես էլ անդամ պետության տարածքում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման ժամանակ հարկային մարմինը, այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածք ներմուծվել են ապրանքները, ընդունում է (կայացնում է) որոշում ներմուծված ապրանքների մասով դրանք ԱԱՀ-ի վճարման հաշվին հաշվանցելու մասին։
Այս դեպքում բանկի քաղվածքը (դրա պատճենը), որը հաստատում է ներմուծված ապրանքների մասով ԱԱՀ-ի փաստացի վճարումը, չի ներկայացվում։»։