ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 ապրիլի 2021 թվականի թիվ 58 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագրի նախագծին (կից ներկայացվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ.Վ. Մյասնիկովիչին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մշտապես գործող կարգավորող մարմինն է, և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին,
հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,
գործելով ի շահ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Ուզբեկստանի Հանրապետության,
հաշվի առնելով Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը,
ընդունելով Կողմերի՝ երկխոսություն հաստատելու ձգտումը՝ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության միջև փոխշահավետ տնտեսական համագործակցություն ապահովելու և փոխադարձ առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն աջակցելու, փոխգործակցության նոր հեռանկարներ բացահայտելու նպատակով՝
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման աջակցությունն է, այդ թվում՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման համար, ինչպես նաև առևտրի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցների իրականացման համար։
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
տարածաշրջանային տնտեսական ինտեգրում,
առևտրային քաղաքականություն,
մաքսային կարգավորում,
տեխնիկական կանոնակարգում,
սպառողների իրավունքների պաշտպանություն,
սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառում,
դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն,
ֆինանսական շուկաներ,
տրանսպորտ,
էներգետիկա,
ագրոարդյունաբերական համալիր,
մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,
արդյունաբերություն,
մտավոր սեփականություն,
տեղեկատվայնացում, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ, թվային տնտեսություն և տեխնոպարկեր,
ծառայությունների առևտուր և ներդրումներ,
ազատ տնտեսական գոտիներ,
ձեռնարկատիրության զարգացում,
աշխատավորների սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանություն,
համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
Համագործակցությունն անդամ պետությունների իրավասությանը վերապահված ոլորտներում կիրականացվի այդ պետությունների մասնակցությամբ։
3. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակում.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում.
Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում.
համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, կլոր սեղանների և գործնական հանդիպումների համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև դրանց կիրառման փորձի վերաբերյալ Ուզբեկստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։
Սույն հուշագրի իրականացման նպատակով Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կարող են մշակել համատեղ միջոցառումների պլաններ։ Համատեղ միջոցառումների անցկացման պայմաններն ու կարգը նախապես որոշվում են Կողմերի կողմից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:
4. Սույն հուշագրի իրականացման նպատակով փոխգործակցությունը կիրականացվի Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) շրջանակներում: Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացվի երկու համանախագահների կողմից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։
Աշխատանքային խմբի նիստերին կարող են հրավիրվել անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները։
Աշխատանքային խմբի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման ամսաթիվը և վայրը, աշխատանքային խմբի կազմն ու նիստերի օրակարգը կորոշվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք ստորագրվում են համանախագահների կողմից։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:
5. Միության մարմինների և Հանձնաժողովին առընթեր խորհրդատվական մարմինների նիստերին սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ Ուզբեկստանի Հանրապետությանն ուղղված հրավերը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է, որպես կանոն, ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ։
6. Հանձնաժողովը Ուզբեկստանի Հանրապետության հարցման հիման վրա տրամադրում է Ուզբեկստանի Հանրապետության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Հանձնաժողովի ակտերի պատճենները՝ բացառությամբ սահմանափակ տարածում ունեցող (գաղտնի և ծառայողական օգտագործման) փաստաթղթերի՝ դրանց ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
7. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կիրականացվի ռուսերենով։
8. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, անդամ պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
9. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը կօգտագործեն միայն սույն հուշագրի իրականացման նպատակով և առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության այն չեն հաղորդի երրորդ կողմին։ Տվյալ դրույթը կկիրառվի նաև սույն հուշագրի կիրառումը դադարեցնելուց հետո։
Հանձնաժողովն անդամ պետություններին տրամադրում է Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունից ստացված տեղեկատվությունն առանց վերջինիս գրավոր համաձայնության։
10. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական և իրավաբանական պարտավորություններ չի դնում։
11. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և կազմում են սույն հուշագրի անբաժանելի մասը։
12. Սույն հուշագրի իրականացման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:
13. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
14. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։ Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակահատվածում սկսած միջոցառումները և նախագծերն ավարտին հասցնելու վրա։
Ստորագրված է ___________ քաղաքում, 20___ թվականի ___________ «__»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և ուզբեկերենով։ Տարընթերցումների դեպքում օգտագործվում է ռուսերեն տեքստը։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից՝ Ուզբեկստանի Հանրապետության
կառավարության կողմից՝