Հոդված 22. Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները
Հոդված 22. Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները
1. Ուսանողը կարող է իր հայեցողությամբ ընտրել կրթական ծրագիրը, սահմանված կարգով զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական մակարդակում ընդհատել կամ շարունակել բարձրագույն կրթությունը` բուհի կանոնադրության և օրենսդրության համաձայն:
2. Ուսանողն իրավունք ունի՝
1) սովորելու իր ընտրած և ընդունված կրթական ծրագրով.
2) բուհի սահմանած կարգով և դեպքում կազմելու ուսուցման անհատական պլան` ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները կամ ակադեմիական մոդուլները՝ պահպանելով դասընթացների մուտքային պայմանները, ինչպես նաև գրանցվելու ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում.
3) առաջարկելու ավարտական աշխատանքի թեման կամ ընտրելու առաջարկվող թեմաներից.
4) անվճար օգտվելու բուհի գրադարաններից, տեղեկատվական պահոցներից և լաբորատորիաներից` ներգրավվելով հետազոտական խմբերի աշխատանքներում.
5) սահմանված կարգով ստանալու կրթության անհատական կազմակերպմանն ուղղված խորհրդատվություն բուհի կողմից սահմանված կարգով առաջարկված և ուսանողի կողմից ընտրված բուհի աշխատակցի կողմից․
6) դիմելու բուհին և սահմանված կարգով ստանալու խորհրդատվություն` կրթության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման համար․
7) օգտվելու ուսանողական կրթաթոշակ ստանալու իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով.
9) մեկ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գտնվելու արձակուրդում.
10) ԿՓՀ-ի հետ համադրելիության ապահովման պարագայում սահմանված կարգով տեղափոխվելու այլ բուհ կամ այլ կրթական ծրագիր` ուսումնառության առանձին փուլեր կամ ուսումնառությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով (ներառյալ օտարերկրյա պետությունների բուհերում).
11) ազատորեն արտահայտելու իր մտքերն ու կարծիքը.
12) իր ուսումնառած կրթական ծրագրերից որևէ մեկի դադարեցման դեպքում Լիազոր մարմնի սահմանած կարգով շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ բուհի կրթական ծրագրով.
13) օրենքով կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված կարգով մասնակցելու բուհի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին.
14) գնահատելու բուհի ակադեմիական կազմի աշխատանքի և առաջարկվող դասընթացների որակը.
15) մասնակցելու բուհում գործող մարզական ակումբների գործունեությանը և, բուհի կանոնադրության ու օրենսդրության համաձայն, կուտակելու կրեդիտներ ուսանողական մարզական գործունեությունից.
16) նախաձեռնելու և ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու և անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, մասնակցելու կամավորական աշխատանքների.
17) պահանջելու և ստանալու խելամիտ հարմարեցումներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Ուսանողը պարտավոր է՝
1) իր կարողությունները ներդնել սովորելու և մասնագիտական առաջընթացի համար.
2) կատարել բուհի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները.
3) պահպանել բուհի սահմանած ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները:
4. Ուսանողն ունի սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև բուհի կանոնադրությամբ և ուսումնառության պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
5. Բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել նշված իրավական ակտերով նախատեսված կարգապահական տույժեր՝ ընդհուպ բուհից հեռացնելը:
6. Ուսանողը չի կարող հեռացվել ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
7. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից և ժամկետից, իրավունք ունի բուհի սահմանած կարգով վերականգնելու ուսանողի իր կարգավիճակը, կրթական ծրագրի փոփոխությամբ պայմանավորված՝ լրացնելով նաև որոշակի կրեդիտներ: Կարգավորվող մասնագիտությունների դեպքում վերականգնվելիս կարող է սահմանվել նախկինում հանձնված քննությունների վերահանձնում կամ վերականգնվելու հնարավորության սահմանափակում:
8. Բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում ուսանողն ունի իր անհատական թվանշային տիրույթը, որի միջոցով հետևում է իր առաջընթացին, տեսնում է իր կուտակած կրեդիտները, ինչպես նաև օգտվում է իրեն հասանելիք արտոնություններից, ունենում է հասանելիություն իր փաստաթղթերին:
9. Բուհում կարող են գործել ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնց ձևավորման կարգը հաստատում է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
10. Բուհում գործում է ուսանողական ներկայացուցչական մարմին, որը ձևավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով` ընտրությունների միջոցով, ուսանողներից կամ ուսանողական ինքնակառավարման մարմիններից, և որի գործունեության շրջանակը սահմանվում է սույն օրենքով ու բուհի կանոնադրությամբ:
11. Ուսանողական ներկայացուցչական մարմինը պարտավոր է`
1) ունենալ կազմակերպական հստակ կառուցվածք.
2) ունենալ գործունեության հստակ ոլորտներ և չշեղվել ուսանողների լավագույն շահերը ներկայացնելու իր առաքելությունից.
3) ներկայացնել ուսանողական լայն համայնքը` ապահովելով ներկայացուցչականությունը և ներառականությունը.
4) ձևավորվել ժողովրդավարական սկզբունքներով` բուհի ուսանողների ընտրությամբ` ընտրողների մասնակցության առնվազն 40 տոկոսի պայմանով, այդ թվում` համապատասխան էլեկտրոնային քվեարկության գործիքների կիրառմամբ.
5) բուհի սովորողների համար ապահովել հաշվետվողականություն՝ պարբերական համաժողովների, ինչպես նաև այլ հարթակների միջոցով.
6) ապահովել աշխատանքի փոխանցելիությունը` վարելով համապատասխան գործավարություն.
7) ենթարկվել ուսանողական համակազմի` քվեարկության միջոցով կայացրած որոշումներին.
8) իր ներկայացուցիչների միջոցով բարեխղճորեն մասնակցել բուհի կառավարման մարմինների աշխատանքներին:
12. Ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը սահմանում է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
13. Արգելվում է ուսանողական մարմինների գործունեության ֆինանսավորման կամ գործունեության համար, բուհի տրամադրած միջոցներից բացի, այլ միջոցների ներգրավումը:
14. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված պարտավորությունների չկատարման հանգամանք առաջանալու պարագայում բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակվում են բուհի ուսանողական ներկայացուցչական մարմնի նոր ընտրություններ:
15. Ուսանողական ինքնակառավարման մարմինն իրավասու է բուհի կառավարման բոլոր օղակներից ստանալու տեղեկատվություն կրթության կազմակերպմանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:
16. Ուսանողները, ըստ տարբեր մարզաձևերի, կարող են ձևավորել մարզական ակումբներ և մասնակցել համապատասխան մարզաձևերի ուսանողական մրցաշարերի: