Հոդված 13. Բարձրագույն կրթության դիպլոմը և դրա հավելվածը
Հոդված 13. Բարձրագույն կրթության դիպլոմը և դրա հավելվածը
1. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների կրթական ծրագրերով, ինչպես նաև ինտեգրված ծրագրով ուսումնառության ավարտին և ամփոփիչ ատեստավորման դրական արդյունքի հիման վրա անձին տրվում են շնորհված որակավորումը հավաստող դիպլոմ (մասնագիտության և, ըստ անհրաժեշտության, մասնագիտացման նշումով) և հավելված (դիպլոմին կից տրվող համաեվրոպական ձևաչափի փաստաթուղթ):
2. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ծրագրերով ուսումնառության և հետազոտական աշխատանքի ավարտին ատենախոսության պաշտպանության դրական արդյունքով անձին շնորհվում է գիտական աստիճանը հավաստող դիպլոմ:
3. Դիպլոմի, այդ թվում՝ համատեղ դիպլոմի և դիպլոմի հավելվածի ձևանմուշի, դրանց լրացման, պատվիրման, բաշխման, հաշվառման, գրանցման և պահպանման կարգը թվային տեխնոլոգիաների կիրառմամբ սահմանում է Լիազոր մարմինը:
4. Դիպլոմները և դրանց հավելվածները բուհը տրամադրում է անվճար, իսկ դրանց թվային կրկնօրինակները հասանելի են շրջանավարտին Լիազոր մարմնի կողմից վարվող որակավորումների պետական գրանցամատյանի միջոցով:
5. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և հավելվածին ներկայացվող պահանջները Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
6. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումների, ինչպես նաև որակավորում չշնորհող կրթական ծրագրերով կամ կրթական ծրագրի բաղադրիչի շրջանակում ձեռք բերված միկրոորակավորումների վերաբերյալ տվյալները, ներառյալ դիպլոմների կամ վկայականների թվային տարբերակները և սովորողների ակադեմիական առաջխաղացման վերաբերյալ տեղեկատվությունը, պահպանվում են Լիազոր մարմնի կողմից վարվող որակավորումների պետական գրանցամատյանում:
7. Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է Լիազոր մարմնի հաստատած նմուշի ակադեմիական տեղեկանք, որը ներառում է տեղեկատվություն ուսումնասիրած մոդուլների և կուտակած կրեդիտների վերաբերյալ, և որի թվային տարբերակը հաշվառվում է որակավորումների պետական գրանցամատյանում:
8. Բարձրագույն կրթության դիպլոմ է համարվում միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով ուսումնառության դրական արդյունքով սահմանված կարգով շնորհված դիպլոմը կամ սահմանված կարգով ճանաչված այլ պետությունների բուհերի դիպլոմը:
9. Բարձրագույն կրթության դիպլոմում նշվում է ուսումնական հաստատության, ինչպես նաև կրթական ծրագրի հավատարմագրված կամ նախահավատարմագրված լինելու փաստը: