Հոդված 11
Հոդված 11
1. Դուստր կազմակերպության ստեղծումը կամ ձեռքբերումն իրականացվում է լիցենզավորված անձի կողմից՝ գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:
2. Դուստր կազմակերպության ստեղծման դեպքում այն լիցենզավորված անձի կողմից, որն այդ դուստր կազմակերպության բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) 100 տոկոսի իրավատերն է, կամ դուստր կազմակերպության քվեարկող բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) ավելի քան 75 տոկոսի ձեռքբերման դեպքում կամ դուստր կազմակերպության քվեարկող բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) ավելի քան 75 տոկոսին տիրապետող՝ դուստր կազմակերպության բաժնետերերի (մասնակիցների) նկատմամբ վերահսկողություն սահմանելուն ուղղված գործարքի (գործարքների) իրականացման դեպքում չեն կիրառվում գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ բանկային կամ ապահովագրական գործունեության կարգավորման ոլորտում սահմանված սահմանափակումները հետևյալի առնչությամբ.
ա) բանկերի ընդհանուր կանոնադրական կապիտալում և (կամ) ապահովագրական կազմակերպությունների ընդհանուր կանոնադրական կապիտալում անդամ պետությունների ռեզիդենտների մասնակցություն.
բ) բանկի և (կամ) ապահովագրական կազմակերպության կառավարման մարմիններում անդամ պետությունների ռեզիդենտների մասնակցություն.
գ) բանկում և (կամ) ապահովագրական կազմակերպությունում անդամ պետությունների ռեզիդենտների աշխատանք:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակով լիցենզավորված անձի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը գտնվելու վայրի պետության լիազորված մարմնի կողմից իրականացվում է 3 ամիսը չգերազանցող ժամկետներում՝ բանկի կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման համար, և 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում՝ ապահովագրական կազմակերպության կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման համար: Ընդ որում՝ պահանջներ չեն կիրառվում դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման մասին միջնորդության հետ մեկտեղ հետևյալ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրման առնչությամբ.
լիցենզավորված անձի ֆինանսական դրության և սեփականության կառուցվածքի մասին փաստաթղթեր, փաստաթղթեր այն հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) ֆինանսական դրության և գործարար համբավի մասին, որոնք տիրապետում են լիցենզավորված անձի բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) ավելի քան 10 տոկոսին, այն անձանց, որոնք վերահսկողություն են իրականացնում այդ հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) նկատմամբ, և այն պաշտոնատար անձանց, որոնք ընտրվում (նշանակվում) են դուստր կազմակերպության կառավարման մարմիններում լիցենզավորված անձի հաստիքացուցակից, ինչպես նաև ընտրվում (նշանակվում) են այլ այն պաշտոններում, որոնց ներկայացվում են գործարար համբավին առնչվող պահանջներ, եթե ներկայացված փաստաթղթերի կազմում առկա է ծագման պետության լիազորված մարմնի գրավոր հաստատումը՝ իր մոտ արդիական, ճշգրիտ և իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի առկայության մասին, որոնք գտնվելու վայրի պետության լիազորված մարմնին թույլ կտան միանշանակ եզրահանգում կատարել՝ նշված անձանց բավարար ֆինանսական դրության և գործարար համբավի, միջնորդությամբ դիմած լիցենզավորված անձի բավարար ֆինանսական կարգավիճակի և սեփականության թափանցիկ կառուցվածքի մասին.
լիցենզավորված անձի փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ, եթե ներկայացված փաստաթղթերի կազմում առկա է ծագման պետության լիազորված մարմնի գրավոր հաստատումը՝ իր մոտ այդպիսի տեղեկությունների առկայության մասին:
Նշված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ծագման պետության լիազորված մարմնի կողմից ներկայացվում են գտնվելու վայրի պետության լիազորված մարմին՝ բանկի կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման դեպքում 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետներում, և ապահովագրական կազմակերպության կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման դեպքում՝ 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետներում: Նշված ժամկետները հաշվարկվում են գտնվելու վայրի պետության լիազորված մարմնի՝ ծագման պետության լիազորված մարմնի կողմից համապատասխան փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցումն ստանալու օրվանից: