Հոդված 10. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացվելը
Հոդված 10. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացվելը
1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում`
1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու), վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.
2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքում.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքում.
5) սույն մասով սահմանված` գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում:
2. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած անձնավորված հաշվարկը պարունակում է՝
1) անձնավորված տեղեկություններ նախորդ ամսվա (տարվա) ընթացքում իր հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ.
2) ամփոփ տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում տվյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:
3. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
5. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային գործակալ հանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում սոցիալական վճարի տարեկան անձնավորված հաշվարկ:
6. Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուն իր վարձու աշխատողների համար գրանցման հայտ չի ներկայացնում:
(10-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-70-Ն)