Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Անվտանգության պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Անվտանգության պահանջները

1. Խաղալիքը պետք է մշակված և պատրաստված լինի այնպես, որ այն ըստ նշանակության կիրառելիս վտանգ չներկայացնի երեխաների և նրանց հսկող անձանց կյանքին և առողջությանը և ապահովի ռիսկի բացակայությունը՝

պայմանավորված խաղալիքի կառուցվածքով

պայմանավորված կիրառվող նյութերով

կապված խաղալիքի օգտագործման հետ, որը հնարավոր չէ բացառել խաղալիքի կառուցվածքի փոփոխության և նյութի փոխարինման դեպքում դեպքում՝ չփոփոխելով դրա ֆունկցիան և հիմնական բնութագրերերը։

Խաղալիքներն օգտագործելիս առաջացող ռիսկը պետք է հարաբերակցվի երեխաների տարիքային առանձնահատկությունների հետ։

2. Նյութեր

2.1. Այն նյութերը, որոնցից պատրաստվել են խաղալիքները, պետք է մաքուր լինեն (առանց աղտոտումների)։

2.2. Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներում չի թույլատրվում բնական մորթու, բնական կաշվի, ապակու, ճենապակու, խավավորված նյութերի (ռետինի, ստվարաթղթի և թղթի), առանց ներքին ծածկոցի 3 մմ և պակաս չափսի խծուծման հատիկների և չխկչխկան խաղալիքներին նման խաղալիքների այնպիսի լցանյութերի կիրառումը, որոնց չափսը խոնավ միջավայրում ավելանում է ավելի քան 5 %-ով։

2.3. Խաղալիքներում չի թույլատրվում գործածության մեջ եղած նյութերի կրկնակի վերամշակման արդյունքում ստացված երկրորդային հումքի կիրառումը։ Խաղալիքների արտադրության համար թույլատրվում է սեփական արտադրության թափոնների կիրառումը։

2.4. 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված խաղալիքներում ապակին (որին կարող է ամբողջությամբ կամ մասամբ հպվել երեխան) կարող է կիրառվել այն դեպքերում, երբ դա՝

գործառութային առումով հիմնավորված է (օրինակ՝ օպտիկական խաղալիքների, լամպիկների, փորձերի համար նախատեսված հավաքածուներում կիրառվող ապակու համար).

գործվածքն ամրացնող ապակե մանրաթել է, եթե այն պոլիմերային կոմպոզիցիոն նյութի բաղկացուցիչ մաս է.

արտադրատեսակներ են, որոնք պատրաստված են զանգվածային ապակուց՝ գնդերի կամ տիկնիկների աչքերի ձևով։

2.5. Խաղալիքների պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթը պետք է լինի կայուն՝ խոնավ մշակման, թքի և քրտինքի ազդեցության նկատմամբ։

Չխկչխկան խաղալիքների, ինչպես նաև խաղալիքների այն տարրերի մակերեսային ծածկույթը և նախշազարդումը, որոնք ֆունկցիոնալ նշանակությամբ անմիջական շփում ունեն երեխայի բերանի հետ (օրինակ՝ սրինգներում՝ օդի ներփչման համար փողածայրոց, փուչիկներում՝ օդի ներփչման համար անցք և հարակից մաս և այլն), պետք է լինեն կայուն՝ թքի, քրտինքի, խոնավ մշակման, տաք ջրի, քերամաշման ազդեցության նկատմամբ։

3. Խաղալիքները պետք է նախագծված և պատրաստված լինեն այնպես, որ ըստ նշանակության կիրառելիս դրանք վտանգ չներկայացնեն երեխաների և նրանց հսկող անձանց կյանքին և առողջությանը, և պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին։

3.1. Զգայորոշման ցուցանիշները

Խաղալիքներն՝ ըստ հիգիենիկ անվտանգության զգայորոշման ցուցանիշների, պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված պահանջներին։

3.2. Ֆիզիկական և մեխանիկական հատկությունները

3.2.1. Խաղալիքը և դրա բաղադրիչ մասերը, ներառյալ՝ ամրակման դետալները, պետք է դիմանան խաղալիքն ըստ նշանակության օգտագործելիս առաջացող մեխանիկական բեռնվածքներին։ Խաղալիքն ըստ նշանակության օգտագործելիս չպետք է քանդվի, ինքնիրեն ծալվի, ինչպես նաև պետք է պահպանի իր սպառողական հատկությունները։

3.2.2. Խաղալիքների հասանելի եզրերը, սուր ծայրերը, կոշտ դետալները, պարույրները, ամրակման դետալները, արանքները, անկյունները, ելուստները, քուղերը, պարանները և ամրակապերը պետք է բացառեն երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։

3.2.3. Չի թույլատրվում հեղուկ լցանյութի արտահոսքը մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներում և այն խաղալիքներում, որոնք ֆունկցիոնալ նշանակությամբ անմիջական շփում ունեն երեխայի բերանի հետ։

3.2.4. Խաղալիքի շարժվող բաղադրիչ մասերը պետք է բացառեն երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։ Շարժաբեր մեխանիզմները պետք է անհասանելի լինեն երեխայի համար։

3.2.5. Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքը և խաղալիքի հանովի դետալները, ինչպես նաև սննդամթերքին անմիջականորեն ամրացվող խաղալիքները պետք է ունենան այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը։

3.2.6. Փափուկ լցվածքով խաղալիքների լցանյութը չպետք է պարունակի պինդ կամ սուր օտար առարկաներ։ Փափուկ լցվածքով խաղալիքների կարերը պետք է լինեն ամուր։ Փափուկ լցվածքով խաղալիքները և դրանց դետալները, որոնք պարունակում են թելքավոր լցանյութ, պետք է թաղանթ ունենան։

3.2.7. Սննդամթերքում գտնվող և (կամ) սննդամթերքի հետ մանրածախ վաճառքի ընդունվող խաղալիքը պետք է ունենա սեփական փաթեթվածք։ Այդ փաթեթվածքի չափսերը չպետք է առաջացնեն երեխայի խեղդվելու ռիսկ: Թույլատրվում է խաղալիքի արտաքին զետեղումը առանց փաթեթվածքի՝ սննդամթերքի փաթեթվածքի վրա։

Սննդամթերքում գտնվող և (կամ) սննդամթերքի հետ մանրածախ վաճառքի ընդունվող խաղալիքը պետք է ունենա այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և (կամ) դրանք կուլ տալը, կամ պետք է տեղադրվի այնպիսի չափսերով առաջնային փաթեթվածքում, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և (կամ) դրանք կուլ տալը։

3.2.8. Խաղալիքը և դրա բաղադրիչ մասերը պետք է նվազագույնի հասցնեն երեխայի խեղդվելու և աղիքային տրակտի խցանվելու հետ կապված ռիսկը:

3.2.9. Խաղի համար նախատեսված՝ անօդանցիկ նյութից պատրաստված դիմակները և սաղավարտները, որոնք ամբողջությամբ ծածկում են երեխայի գլուխը, պետք է մշակված և պատրաստված լինեն այնպես, որ բացառվի խեղդվելու ռիսկը ոչ բավարար օդափոխության հետևանքով։

3.2.10. Ջրի մակերևույթին երեխայի մարմինը պահելու համար նախատեսված խաղալիքը պետք է մշակվի և պատրաստվի այնպես, որ լինի հերմետիկ և ամուր:

3.2.11. Այն խաղալիքը, որի ներսում երեխան կարող է տեղավորվել, և որը նրա համար փակ տարածություն է ներկայացնում, պետք է ունենա ներսից հեշտությամբ բացվող ելքի անցք, ինչպես նաև օդափոխիչ անցքերով մակերես։

3.2.12. Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար նախատեսված խաղալիքները պետք է լինեն ամուր և կայուն (եթե շահագործման պայմաններով նախատեսված է կայուն դիրք)։

Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար նախատեսված՝ ազատ ընթացքի մեխանիզմ կամ փոխանցման տուփի չեզոք դիրք ունեցող՝ մեխանիկական կամ էլեկտրական շարժաբերով խաղալիքները պետք է ունենան արգելակման մեխանիզմ։ Այն խաղալիքները, որոնցում անիվին շարժումը հաղորդվում է անմիջականորեն երեխայի կողմից կամ մեխանիկական փոխանցման միջոցով, և ազատ ընթացքի մեխանիզմ չունեցող՝ էլեկտրական շարժաբերով խաղալիքները թույլատրվում է պատրաստել առանց արգելակման մեխանիզմների։

Շղթայական փոխանցմամբ խաղալիքները պետք է սարքավորված լինեն պաշտպանիչ վահանակներով։

Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար նախատեսված խաղալիքների հենարանային մակերևույթները պետք է ունենան վայրասահումը կանխարգելող տարրեր։

3.2.13. Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար չնախատեսված խաղալիքները և ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիքները պետք է լինեն ամուր, շրջվելու նկատմամբ կայուն և չպետք է ծալվեն ըստ նշանակության օգտագործելիս։

3.2.14. Ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիքները և բատուտները պետք է մշակվեն և պատրաստվեն այնպես, որ շարժման մեջ գտնվող տարրերը, պաշտպանիչ տարրերի մակերևույթները, արանքները, բացվածքները և ճեղքվածքները չստեղծեն երեխային վնասվածքներ պատճառելու վտանգ։

3.2.15. Ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիքի հարթակը, որը նախատեսված է հենարանային մակերևույթի մակարդակից 1000 մմ և ավելի բարձրության վրա նստելու կամ կանգնելու համար, պետք է բացառի երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։

3.2.16. Կախովի ճոճանակները պետք է ամուր լինեն և չպետք է շրջվեն, մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված ճոճանակների նստատեղերը պետք է ունենան երեխայի ընկնելուն խոչընդոտող կոնստրուկցիա։

3.2.17. Երեխայի մարմնի զանգվածը չկրող՝ 4.5 կգ-ից ավելի զանգվածով անշարժ հատակադիր խաղալիքները չպետք է շրջվեն։

3.2.18. Արձակման մեխանիզմի միջոցով արտանետվող սարքով խաղալիքի կոնստրուկցիան, ինչպես նաև կինետիկական էներգիա ունեցող սարքը պետք է նվազագույնի հասցնեն երեխային և (կամ) նրան հսկող անձին վնասվածքներ պատճառելու ռիսկը:

3.2.19. Թռչող խաղալիքների կոնստրուկցիան պետք է նվազագույնի հասցնի աչքերին վնասվածքներ պատճառելու ռիսկը։

3.2.20. 2 մ-ից ավելի երկարությամբ՝ օդապարուկի և այլ նույնանման խաղալիքների՝ երեխայի կողմից պահման համար նախատեսված քուղերը պետք է պատրաստվեն այնպիսի նյութից, որի տեսակարար էլեկտրական դիմադրությունը պետք է լինի 100 ՄՕմ/սմ-ից ավելի։

3.2.21. Մինչև 10 տարեկան երեխաների համար նախատեսված կոնստրուկտորներում և հավաքովի մոդելներում հավաքման ժամանակ զոդում չի թույլատրվում։

3.2.22. Տաքացնող տարրեր պարունակող խաղալիքը պետք է պատրաստված լինի այնպես, որ ապահովվի հետևյալը.

- շփման համար հասանելի բոլոր մակերևույթների ջերմաստիճանը դիպչելիս չպետք է հանգեցնի այրվածքների.

- խաղալիքում պարունակվող հեղուկները, գոլորշիները կամ գազերը, որոնք հեռացնելիս (եթե տվյալ հեռացումը անհրաժեշտ է խաղալիքը գործարկելու համար) կարող են առաջացնել այրվածքներ կամ այլ վնասվածքներ, չպետք է ունենան ջերմաստիճանի կամ ճնշման բարձր արժեքներ:

3.2.23. Ինֆրակարմիր ճառագայթման ինտեգրալ հոսքի ինտենսիվության մակարդակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին։

3.2.24. Թրթռման աղբյուր ունեցող խաղալիքներում տեղային թրթռման մակարդակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.2.25. Ձայնի (ձայնային ճնշման) մակարդակները խաղալիքներում պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.2.26. Սեղանի տպագիր խաղալիքներում՝

- տեքստը և նկարները պետք է լինեն հստակ և հակադիր՝ հիմնական ֆոնի նկատմամբ.

- չի թույլատրվում թղթի և ստվարաթղթի վրա ներկերի մրոտումը։

3.2.27. Օպտիկական խաղալիքը պետք է մշակված և պատրաստված լինի այնպես, որ նվազագույնի հասցվի երեխայի տեսողության շտկման հետ կապված ռիսկը։

3.2.28. Լուսադիոդների օգտագործմամբ խաղալիքները չպետք է բացասական ազդեցություն ունենան երեխայի տեսողական օրգանների վրա։

3.2.29. Խաղալիքներում արգելվում է բոլոր տեսակի լազերային ճառագայթման համակարգերի օգտագործումը։

3.3. Բոցավառելիություն

Փափուկ լցվածքով խաղալիքները, կառնավալային կոստյումները և կառնավալային խաղալիքային արտադրատեսակները (օրինակ՝ մորուքները, բեղերը, կեղծամները, դիմակները, թագերը), ինչպես նաև այն խաղալիքները, որոնցում կարող է տեղավորվել երեխան, պետք է լինեն հրդեհաանվտանգ։

Քիմիական նյութեր ներառող և քիմիական փորձերի համար նախատեսված լրակազմերին չվերաբերող խաղային լրակազմը չպետք է պարունակի նյութեր կամ ռեակտիվներ, որոնք խառնման դեպքում կարող են բոցավառվել, ինչպես նաև առաջացնել վնասակար գոլորշիներ կամ գազեր։

Խաղալիքը չպետք է լինի պայթյունավտանգ կամ պարունակի բաղադրիչ մասեր (նյութեր, նյութեղեն), որոնք խաղալիքն օգտագործելիս դառնում են պայթյունավտանգ:

Խաղալիքը, ներառյալ քիմիական խաղալիքները, չպետք է պարունակի նյութեր կամ ռեակտիվներ, որոնք՝

կարող են առաջացնել պայթուցիկ խառնուրդներ տաքացման, ինչպես նաև օքսիդացնող նյութերի հետ միացնելու դեպքում առաջացող ռեակցիայի հետևանքով,

կարող են առաջացնել օդի հետ գոլորշիների բոցավառվող կամ պայթունավտանգ խառնուրդներ։

3.4. Քիմիական հատկությունները

3.4.1. Խաղալիքն օգտագործելիս պետք է նվազագույնի հասցվի քիմիական նյութերի՝ մաշկի, լորձաթաղանթի, շնչուղիներ, աչքերի կամ ստամոքսի մեջ ընկնելու հետևանքով առողջությանը վնաս հասցնելու ռիսկը:

3.4.2. Խաղալիքների սանիտարաքիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.4.3. Քիմիական խաղալիքներում և քիմիական նյութեր ներառող ու քիմիական փորձերի համար նախատեսված լրակազմերի շարքին չդասվող խաղային լրակազմերում թույլատրվում է քիմիական նյութերի կամ ռեակտիվների որոշակի քանակության կիրառումը, եթե դրանց պարունակությունը չի գերազանցում սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածին համապատասխան՝ յուրաքանչյուր քիմիական նյութի համար սահմանված առավելագույն թույլատրելի քանակությունը։

3.4.4. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուների կազմի մեջ մտնող նյութերը պետք է անվտանգ լինեն երեխաների և նրանց հսկող անձանց առողջության համար, իսկ տվյալ հավաքածուից ստացված օծանելիքակոսմետիկական արտադրանքը պետք է համապատասխանի Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ ընդունված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին։

3.4.5. Հոտառության զարգացման համար հավաքածուներում և համային հավաքածուներում սննդային բուրավետ նյութերը և սննդային բաղադրիչները պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ ընդունված՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջներին։

3.4.6. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուներում, հոտառության զարգացման համար հավաքածուներում և համային հավաքածուներում, բուրավետացված խաղալիքներում չի թույլատրվում այն նյութերի կիրառումը, որոնք արգելված են օծանելիքակոսմետիկական արտադրանքի մեջ օգտագործման համար՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) թիվ 1 հավելվածին համապատասխան։

3.5. Թունաբանահիգիենիկ ցուցանիշները

Խաղալիքների հիգիենիկ անվտանգության թունաբանահիգիենիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված պահանջներին։

3.6. Էլեկտրական հատկությունները

3.6.1. Էլեկտրական խաղալիքում, ինչպես նաև դրա բաղադրիչ մասերում անվանական լարումը չպետք է գերազանցի 28 Վ։

3.6.2. Էլեկտրական ցանցից աշխատող խաղալիքների սնուցման համար նախատեսված տրանսֆորմատորը և լիցքավորման սարքը չպետք է լինեն խաղալիքի անբաժանելի մաս և պետք է դրանից անջատվեն։

3.6.3. Էլեկտրական էներգիայի աղբյուրի հետ շփվող կամ շփվելու կարողություն ունեցող խաղալիքների դետալները, ինչպես նաև մալուխները և հաղորդալարերը պետք է լինեն մեկուսացված և մեխանիկորեն պաշտպանված՝ էլեկտրական հոսանքով վնասվելու ռիսկը բացառելու նպատակով։

3.6.4. Խաղալիքների մակերևույթի վրա էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.6.5. էլեկտրական և էլեկտրամեխանիկական խաղալիքներով ստեղծվող էլեկտրամագնիսական դաշտի լարվածության մակարդակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.6.6. Արդյունաբերական հաճախականության փոփոխական հոսանքի (50 Հց) ցանցից սնուցմամբ խաղալիքների արդյունաբերական հաճախականության հոսանքի էլեկտրական դաշտի (50 Հց) լարվածության մակարդակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.7. Ճառագայթային անվտանգություն

Բնական մետաղներից պատրաստված խաղալիքների ճառագայթային անվտանգության ցուցանիշները (բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվություն) պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված հիգիենիկ անվտանգության պահանջներին։

3.8. Միկրոկենսաբանական ցուցանիշները

Խաղալիքների հիգիենիկ անվտանգության միկրոկենսաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված պահանջներին։

3.9. Մագնիսական հատկությունները

3.9.1. Խաղալիքների չամրացված մագնիսները և մագնիսային տարրերը պետք է ունենան 0,5 Տլ2 մմ2-ից ոչ ավելի մագնիսական հոսքի հաշվարկային ցուցանիշ կամ այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և դրանք կուլ տալը։

3.9.2. Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված՝ մագնիսներ կամ մագնիսային տարրեր պարունակող խաղալիքների համար՝ ի լրումն սույն տեխնիկական կանոնակարգի 3.9.1 ենթակետի պահանջներին, չի թույլատրվում 0,5 Տլ2 մմ2-ից պակաս մագնիսական հոսքի ցուցանիշով մագնիսների կամ մագնիսային տարրերի անջատումը, եթե անջատված մագնիսներն ունեն այնպիսի չափսեր, որոնց դեպքում չի բացառվում շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և դրանք կուլ տալը։

4. Փաթեթվածքը

Փաթեթվածքը պետք է լինի անվտանգ և բացառի երեխայի խեղդվելու հետ կապված ռիսկը։

Խաղալիքը պետք է ունենա սպառողական և (կամ) խմբային փաթեթվածք։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի N 12 որոշման խմբագրությամբ)

Եթե այն փաթեթվածքը, որով խաղալիքն իրացվում է, նաև նախատեսված է օգտագործման համար (ունի խաղային ֆունկցիա), ապա այն դիտվում է որպես խաղալիքի բաղադրիչ մաս։ Փաթեթվածքի կիրառման ոլորտը որոշում է արտադրողը։

Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուների, հոտառության զարգացման համար հավաքածուների և համային հավաքածուների սպառողական փաթեթվածքը պետք է ապահովի այդ հավաքածուների կոմպլեկտավորող տարրերի անվտանգությունը և պահպանվածությունը դրանց պիտանիության ժամկետի ընթացքում։

5. Մականշվածքը

5.1. Խաղալիքների մականշվածքը պետք է լինի հավաստի, հստակ, դյուրընթեռնելի և զննման ու նույնականացման համար հասանելի։ Սույն տեխնիկական կանոնակարգի 5.3 ենթակետում և սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում ներկայացված տեղեկատվության հասանելիությունը պետք է ապահովվի առանց փաթեթվածքի ամբողջականությունը խախտելու (վնասելու)։

5.2. Մականշվածքը զետեղվում է արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի (վաճառողի) կողմից։ Մականշվածքի զետեղման տեղը և եղանակը որոշվում է արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի (վաճառողի) կողմից։

5.3. Մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

- խաղալիքի անվանումը.

- խաղալիքի առևտրային անվանումը (առկայության դեպքում).

- խաղալիքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող տեղեկությունները (տեսակը, մոդելը, արտիկուլը (ապրանքատեսակը) և (կամ) այլ նույնականացման հատկանիշ, որը թույլ է տալիս արտադրանքը դասել խաղալիքների շարքին, հավաստիորեն այն բնութագրել և տարբերակել այլ խաղալիքից) (առկայության դեպքում).

- արտադրման երկրի անվանումը (եթե այն երկիրը, որտեղ տեղակայված է խաղալիքի արտադրությունը, չի համընկնում արտադրողի գտնվելու վայրի հասցեի հետ).

- արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի (վաճառողի) անվանումը և գտնվելու վայրը, նրանց հետ կապ հաստատելու համար տեղեկատվությունը.

- արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

- երեխայի նվազագույն տարիքը, որի համար նախատեսված է խաղալիքը, և (կամ) երեխայի տարիքը նշող պատկերագիրը.

- հիմնական կառուցվածքային նյութը (մինչև 3 տարեկան երեխաների համար) (անհրաժեշտության դեպքում).

- բուրավետիչ (առկայության դեպքում),

- խաղալիքի խնամքի եղանակները (անհրաժեշտության դեպքում).

- պատրաստման ամսաթիվը (ամիսը, տարին).

- խմբաքանակի ծածկագիրը (առկայության դեպքում).

- ծառայության ժամկետը կամ պիտանիության ժամկետը (դրանք սահմանելու դեպքում)․

- պահպանման պայմանները (անհրաժեշտության դեպքում)։

Մականշվածքում առևտրային անվանումը, արտադրողի գտնվելու վայրը (բացառությամբ ծագման երկրի), արտադրողի ապրանքային նշանը, խաղալիքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող տեղեկությունները նշելիս թույլատրվում է լատինական այբուբենի տառերի օգտագործումը։

Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուի մականշվածքը պետք է տեղեկություններ պարունակի դրա բաղադրության (անվանման, անունի (առկայության դեպքում) և բաղադրիչների քանակի) մասին։ Հավաքածուի յուրաքանչյուր բաղադրիչ պետք է ունենա անվանում և անուն (առկայության դեպքում)։ Բաղադրիչների ցանկը սահմանվում է «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) 5-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան։

5.4. Կախված խաղալիքի տեսակից՝ մականշվածքի բովանդակությունը ներառում է խաղալիքի լրակազմությունը (խաղային հավաքածուների համար), շահագործման կանոնները, մաքրման եղանակները, խաղալիքի հետ վարվելիս անվտանգության միջոցները, նախազգուշացնող տեղեկատվությունը և հավաքման մասին հրահանգը։

Նախազգուշացնող տեղեկատվությունը պետք է պարունակի օգտագործման դեպքում հատուկ նախազգուշական միջոցների վերաբերյալ ցուցում՝ սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածին համապատասխան։

6. Միության անդամ պետության (պետությունների) օրենսդրությունում (օրենսդրություններում) համապատասխան պահանջների առկայության դեպքում խաղալիքի հետ լրակազմով մատակարարվող մականշվածքը և տեխնիկական փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և Միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով)։

(4-րդ հոդվածը խմբ., փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 5, խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԽ 14.05.24 թիվ 50)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։