Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող պետական գրանցման սուբյեկտի ներկայացրած դիմումը: Պետական գրանցման դիմումը ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, երբ դիմումը կարող է ներկայացվել նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից):».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում դիմում մուտքագրելիս դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և դիմումի հետ ներկայացնի`
1) իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաև այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.
2) «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարի մուծման անդորրագիրը և սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վճարի մուծման անդորրագիրը:».
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Դիմողի ինքնությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, և համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվում է նրա ներկայությունը: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը տեսաներածվում և մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստում է ներկայացված փաստաթղթերի և տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերում ներկայացված փաստաթղթերի հետ հավասար իրավաբանական ուժ, այնուհետև դիմողին են վերադարձվում վերջինիս ներկայացրած բոլոր փաստաթղթերը: Անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի և դրանց մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերին: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվում է համակարգի կողմից ձևավորված արագ արձագանքման (QR) կոդ պարունակող դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածք, որում պարտադիր նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները՝ անունը, ազգանունը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածքի հաստատված ձևաթղթով սահմանված անհրաժեշտ այլ տվյալներ:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման և դրա մշակման կարգը, ինչպես նաև դիմողին տրամադրվող արագ արձագանքման (QR) կոդ պարունակող քաղվածքի ձևաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:».
5) 9-րդ մասը «ներկայացված» բառից հետո լրացնել «և տեսաներածված» բառերով: