Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 258-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 258. Խուլիգանությունը
1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:»: