Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում
Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում
(վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)
Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:
Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:
Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:
(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)
(32-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ և 37-րդ հոդվածներին հակասող 30.01.20 ՍԴՈ-1504 որոշմամբ:
Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 01.06.2020 թվականը:)