Հոդված 24. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած) երեխաների իրավունքների պաշտպանությունը
Հոդված 24. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած) երեխաների իրավունքների պաշտպանությունը
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-273-Ն)
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն: Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Երեխան 16 տարին լրանալուց հետո բավարար կենսապայմանների, պետության և համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում ունի ինքնուրույն ապրելու իրավունք:
(24-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-56-Ն, 21.12.17 ՀՕ-14-Ն, 09.06.22 ՀՕ-273-Ն)