Հոդված 49. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը
Հոդված 49. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը
1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:
2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`
1) իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը, նշում դիմումատուի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.
2) հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա.
3) ընդերքի այն տեղամասի երկրաբանական նկարագրությունը (մանրամասն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով տվյալ հանքավայրի հաստատված պաշարների և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանների վերաբերյալ), որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք.
4) հաստատված օգտակար հանածոների ցանկը.
5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը.
6) հանքի փակման ծրագիրը, որը պետք է ներառի`
ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
7) դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ.
8) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), ինչպես նաև նրանց վերաբերյալ այլ տեղեկություններ` լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան.
9) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
10) ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.
10.1) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.
11) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար սահմանված պետական տուրքի անդորրագիրը:
(49-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն)
(49-րդ հոդվածը 23.04.19 ՀՕ-24-Ն օրենքի 10-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2019 թ.)