Հոդված 40. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը
Հոդված 40. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի ստացման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության և դիմումի գրանցման մասին:
2. Դիմումի գրանցման օրվանից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը և այն սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո` մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է եզրակացություն ծրագրի վերաբերյալ:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ համապատասխան եզրակացություն մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել:
6. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված ուսումնասիրության ծրագիրը, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
7. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
2) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման առանձին օբյեկտ է.
3) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ.
4) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
5) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում.
5.1) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.
5.2) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին.
6) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.
7) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
8) ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում.
9) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.
10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
8. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
9. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:
(40-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն)
(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)