Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը
Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն հրավիրվում է հանքարդյունահանման պայմանագիրն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում հանքարդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը դիմումատուին տրվում են անմիջապես ընդերքօգտագործման համար վճարված պետական տուրքի անդորրագիրը ներկայացնելուց հետո:
3. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը և համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:
4. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի`
1) այն օգտակար հանածոների տեսակները, որոնց արդյունահանումը թույլ է տրվում ընդերքօգտագործողին.
2) լեռնահատկացման կոորդինատները.
3) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ նախագծի.
4) օգտակար հանածոների արդյունահանման և հումքի վերամշակման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.
5) բնապահպանական կառավարման պլանը.
6) հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություններ.
7) սույն օրենսգրքով և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների ներկայացման և աշխատանքների վերահսկման կարգը.
8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարի հաշվարկման և վճարման վերաբերյալ.
9) դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ.
10) հանքի փակման հետ կապված դրույթները:
5. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ: