Հոդված 28. Ավտովարորդներին ներկայացվող պահանջները
Հոդված 28. Ավտովարորդներին ներկայացվող պահանջները
1. Ավտովարորդը պետք է ունենա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում:
2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդները, բացի որակավորման ընդհանուր պահանջներից, պետք է ունենան`
ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի 2 տարիների, իսկ լեռնային երթուղիների համար` 3 տարիների անընդմեջ վարման աշխատանքային փորձ.
բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն մեկ տարվա փորձ.
գ) միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար՝ D կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման մեկ տարվա կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների 2 տարվա աշխատանքային փորձ.
դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ.
ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ.
զ) միջքաղաքային, միջպետական և լեռնային երթուղիներով մինչև 16 տարեկան երեխաների խմբի փոխադրումների համար` երեք տարվա նշված երթուղիներով փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ:
Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ երթուղու սպասարկմանը տեղափոխելու դեպքում պետք է անցկացվի երկու օր տևողությամբ փորձաշրջան, իսկ լեռնային երթուղում ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում` չորս օր տևողությամբ:
2.1. Կառավարությունը կարող է սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի կանոններ:
3. Օրվա ընթացքում ավտովարորդի կողմից ավտոմոբիլի վարման առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամ աշխատանքը, չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթացքում` 48 ժամը: Ավտովարորդների ամենօրյա անդադար հանգստի ժամանակը չպետք է պակաս լինի 10 ժամից, իսկ իրավասու մարմինների թույլտվությամբ` շաբաթվա 2 օրը 8 ժամից ոչ պակաս տևողությամբ: Առանց ընդմիջման` 4 ժամից ավելի տևողությամբ, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է:
(28-րդ հոդվածը լրաց. 20.11.14 ՀՕ-168-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն)
(հոդվածը 30.07.21 ՀՕ-314-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)