Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոցների, հաղորդակցության ուղիների (ավտոմոբիլային ճանապարհների) և տեխնիկական կառուցվածքների ու շինությունների (ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտների) ամբողջությունը.
ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառ` տրանսպորտային համակարգի բնագավառ, որն ընդգրկում է ավտոտրանսպորտային միջոցները, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային սպասարկման և առաքման ծառայությունների մատուցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների և ավտոմոբիլային ճանապարհների շահագործման ու սպասարկման հետ կապված ավտոմոբիլային տրանսպորտի այլ օբյեկտների տեխնոլոգիական շաղկապված համակարգը.
ավտոտրանսպորտային գործունեություն` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման և իրականացման գործընթացի, ինչպես նաև այդ գործընթացում ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն.
տրանսպորտային աշխատանք` տրանսպորտային միջոցով փոխադրված բեռի (ուղևորների) քանակով և փոխադրման հեռավորությամբ բնութագրվող ցուցանիշ.
ավտոտրանսպորտային գործունեության մասնակից` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող, փոխադրումների կազմակերպման գործընթացի հետ կապված` ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայություն մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը և փոխադրումների գործընթացի կազմակերպումն ապահովող շինություն կամ կառույց, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների հավաքակայանները, ավտոհավաքատեղերը, ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկման կայաններն ու կետերը, ավտոնորոգման գործարանները, ավտոկայարանները, ավտոկայանները, երթակարգավարական կետերը, ավտոմոբիլային ճանապարհները, կամուրջները, թունելները, դրանց սպասարկման և նորոգման այլ օժանդակ կառույցներն ու շինությունները.
ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոց, ավտոմոբիլ կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ, որոնցով փոխադրողը պարտավոր է ուղևորների, ուղեբեռների և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով.
ավտոտրանսպորտային միջոց` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմ (շարժակազմ)` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ, ուղեբեռներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար նախատեսված և այդ նպատակով սարքավորված` անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրություն.
ավտոկայարան` բնակավայրերում ուղևորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է 75 մարդուց ավելի տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների նստեցման և իջեցման հարթակներ, ավտոբուսների կայանման հրապարակ, ավտոբուսների զննման և մաքրման կետեր.
ավտոկայան` բնակավայրերում ուղևորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է մինչև 75 մարդ տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների նստեցման և իջեցման հարթակներ, ավտոբուսների կայանման հրապարակ. բեռների փոխադրում կազմակերպող և սպասարկում իրականացնող ավտոկայանը համարվում է բեռնատար ավտոկայան.
երթակարգավարական կետ` երթակարգավարի կողմից կամ այլ տեխնիկական միջոցով, ըստ չվացուցակների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման համար նախատեսված շինություն, որտեղ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում.
ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս.
թեթև մարդատար ավտոմոբիլ` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.
մարդատար-տաքսի ավտոմոբիլ` թեթև մարդատար ավտոմոբիլ, որի միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է սպասարկման ծառայությունների մատուցում.
ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում.
մերձքաղաքային փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչև վերջնակետ` մինչև 50 կմ ներառյալ հեռավորությամբ փոխադրում, որի սկզբնակետը կամ վերջնակետը գտնվում է քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմաններից դուրս.
միջքաղաքային փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչև վերջնակետ` 50 կմ-ից ավելի հեռավորության վրա իրականացվող փոխադրում.
ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում.
միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.
միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.
կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում.
ոչ կանոնավոր փոխադրում` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր դեպքում որոշվում են պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ.
էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցում.
կաբոտաժային փոխադրում՝ որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջև իրականացվող փոխադրում.
երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ.
լեռնային երթուղի` երթուղի, որի ճանապարհային մակերևույթի տեսանելիությունը պակաս է 60, իսկ հանդիպակաց ավտոտրանսպորտային միջոցից` 120 մետրից, հորիզոնական կտրվածքով ունի ուռուցիկությամբ 1500 և գոգավորությամբ 1200 մետրից պակաս շառավիղ, ընդգրկում է լեռնազանգվածներով անցումներ և կիրճերով ուղեկցվող բարդ, խիստ կտրտված կամ ոչ բավարար կայունությամբ ժայռեր, մեկ կամ մի քանի` միջինը 40-ից 60 տոկոս և ավելի հորիզոնական թեքություն ունեցող, համապատասխանաբար 2 կմ-ից մինչև 1 կմ երկարությամբ կամ մինչև 1 կմ երկարության վրա 100 մետրից պակաս շառավղով 6 ոլորան` երկու և ավելի ճանապարհային հատվածով.
երթ (ուղերթ)` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի անցած ճանապարհը.
չվացուցակ՝ ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային և ներմարզային փոխադրումներում միջանկյալ կանգառների, ուղևորների նստեցման համար ավտոբուսի մատուցման), տեղի և երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.
երթուղային ավտոբուս` տվյալ երթուղու սահմանված կանգառներում ուղևորների նստեցում և իջեցում կատարելով` կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուս.
երթուղային տաքսի` միկրոավտոբուս, որով իրականացվում է կանոնավոր փոխադրում սահմանված երթուղով` միայն սահմանված կանգառներում նստատեղերի թվով ուղևորների նստեցում և ուղևորների պահանջով երթուղու ցանկացած կետում իջեցում կատարելով.
օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.
երթուղու սխեմա՝ երթուղու սպասարկման փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների (միջպետական փոխադրումներում՝ սահմանային անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների մասին.
ապրանքատրանսպորտային բեռնագիր` տրանսպորտային միջոցով փոխադրվող բեռի (ապրանքանյութական արժեքների) շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի հիման վրա բեռնառաքիչը դուրս է գրում բեռը, իսկ բեռն ստացողը մուտքագրում է այն: Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին ՍՄՌ (CMR)» կոնվենցիայի պահանջներին.
ճանապարհային թերթիկ` ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի առաջնային հաշվառման փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, սեփականատիրոջ (տնօրինողի) անվանումը, փոխադրման երթուղին, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի և վարորդի առողջական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրում, ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի ժամանակահատվածը (փաստացի կատարված երթերի մեկնման ժամերը), ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տնօրինողի) կողմից սահմանվող անհրաժեշտ այլ տվյալներ.
երթուղային թերթիկ՝ ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող՝ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին և փաստացի կատարված երթերի սկզբի ու ավարտի ժամերը.
էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման, հաշվառման և վերահսկողության աշխատանքների երթակարգավարական կառավարման միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգ․
երթուղային ցանց՝ համապատասխան չվացուցակներով ու սխեմաներով միջպետական, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների համակարգ.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման արդյունավետության ու անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի վրա ավտոմոբիլի վնասակար ազդեցության նվազագույն մակարդակի ապահովման համար իրականացվող տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական միջոցառումների համակարգ, որը ներառում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական սպասարկումները, ընթացիկ ու հիմնական նորոգումները և այդ աշխատանքների կատարման հաշվառումը.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի վնասվածքները հայտնաբերելու, անսարքությունները կանխելու և վերացնելու, ավտոմասերի մաշման հաճախականությունը նվազեցնելու և մինչև հիմնական նորոգումը ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով իրականացվող պարտադիր տեխնիկական համալիր միջոցառումներ.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի ընթացիկ նորոգում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների և խափանումների վերացման նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի հիմնական նորոգում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, դրա բաղկացուցիչ մասերի գոյապաշարի վերականգնման և ավտոտրանսպորտային միջոցի շահագործման պիտանիության ժամկետը երկարաձգելու նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.
արտադրական բազա` տեխնիկական միջոցներով և սարքավորումներով կահավորված արտադրական շենքեր և շինություններ ունեցող համապատասխան տարածք, որտեղ կազմակերպվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանումը և պահպանումը (գիշերակացը), տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների կատարումը և հաշվառումը, փաստաթղթերի վարումը, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.
հավաքակայան` կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր և իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) և վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում.
ավտոմոբիլային ճանապարհի վտանգավոր տեղամասեր` ավտոմոբիլային ճանապարհի տեղամասեր, որոնցով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը կապված է շարժման ռեժիմի կտրուկ փոփոխությունների հետ և որտեղ, կապված ճանապարհատրանսպորտային պատահարների առավել հնարավոր առաջացման հետ, տեղադրված են կամ պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ, կամ ձեռնարկված են այլ կազմակերպատեխնիկական միջոցառումներ.
ավտոտրանսպորտային միջոցի արագությունների նորմավորում` երթուղու կանգառների միջև կամ երթուղով ավտոտրանսպորտային միջոցների շարժման (արագության) նորմաների սահմանումը.
բեռնարկղ (կոնտեյներ)` չփաթեթավորվող բեռների փոխադրման համար նախատեսված` բազմակի օգտագործման նշանակությամբ և մեքենայացված բեռնման-բեռնաթափման, ինչպես նաև բեռի ժամանակավոր պահման համար նախատեսված` 1մ.3 ծավալը գերազանցող տարա (ապրանքաման).
երթուղիներում երթևեկության սովորական ռեժիմ` երթևեկության չվացուցակով նախատեսված բոլոր կանգառներով իրականացվող ուղևորափոխադրումներ.
երթուղիներում երթևեկության կիսաճեպընթաց ռեժիմ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ, սահմանափակ կանգառներով (ուղևորների զանգվածային հաճախման կետերում` մեծ թվաքանակով աշխատողներ ունեցող կազմակերպությունների կայարանների մոտ, քաղաքի կենտրոնում, արդյունաբերական հանգույցներում) իրականացվող ուղևորափոխադրումներ.
երթուղիներում երթևեկության ճեպընթաց ռեժիմ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ առանց կանգառների իրականացվող ուղևորափոխադրումներ.
սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.
գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը.
ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ` ավտովարորդ կամ ավտոտրանսպորտային միջոցի երկրորդ ավտովարորդ կամ ավտովարորդի օգնական, որն ուղեկցում է ավտովարորդին` որոշակի մանևրների ժամանակ նրան աջակցելու, հարկ եղած դեպքում նրան փոխարինելու և սովորաբար տրանսպորտային գործողություններին արդյունավետ մասնակցելու համար.
ավտովարորդ՝ ավտոտրանսպորտային միջոցը վարող անձ.
թվային տախոգրաֆ՝ ավտոտրանսպորտային ﬕջոցի խցիկում կամ սրահում տեղադրված հատուկ սարք, որն ապահովում է ավտոտրանսպորտային ﬕջոցի արագության ռեժիﬕ, երթուղու, սահմանված ժամանակահատվածում անցած ճանապարհահատվածի, կարճաժամկետ և երկարաժամկետ դադարների ու կանգառների վերաբերյալ տվյալների անդադար անձեռնﬗելի արձանագրումը.
վարելու ժամանակահատված՝ հանգստի կամ ընդմիջման ժամերից հետո մինչև հաջորդ ընդմիջման կամ հանգստի ժամը ավտովարորդի ավտոտրանսպորտային միջոցը վարելու կուտակված ժամերը.
շաբաթ` երկուշաբթի` ժամը 00.00-ից մինչև կիրակի` ժամը 23.59-ն ընկած ժամանակահատվածը.
հանգստի ժամանակահատված՝ ցանկացած չընդհատված ժամանակահատված, որի ընթացքում ավտովարորդը կարող է ազատ տնօրինել իր ժամանակը.
շաբաթական կանոնավոր հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տևողությամբ հանգստի ժամ.
շաբաթական կրճատված հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տևողությամբ հանգստի ժամանակահատված, որը կարող է կրճատվել նվազագույնը 24 հաջորդական ժամով.
Օդանավակայանի տաքսի ծառայություն՝ օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների փոխադրման գործունեություն․
Օդանավակայանի տաքսու կայանատեղ՝ օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք.
գործարար համբավ՝ գործարարության ոլորտում դրսևորած ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքային և մասնագիտական որակներին տրվող գնահատական:
(4-րդ հոդվածը լրաց. 20.11.14 ՀՕ-163-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-168-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-48-Ն, 09.02.22 ՀՕ-31-Ն, 30.07.21 ՀՕ-314-Ն, 18.01.22 ՀՕ-8-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-452-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ 345-Ն, 08.12.23 ՀՕ-390-Ն)
(24.11.22 ՀՕ-452-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)