Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները
Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները
1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը:
2. Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում են լիազոր մարմնի, ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան մարզպետի, իսկ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) կազմած մրցութային հանձնաժողովները` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:
3. Մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Մրցույթի ներկայացվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումների համար:
5. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով:
Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն) մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու սահմանած փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ:
6. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով, որի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով:
Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը լրաց., խմբ. 20.11.14 ՀՕ-163-Ն)