Հոդված 76. Կարգապահական տույժ տալու կարգը
Հոդված 76. Կարգապահական տույժ տալու կարգը
1. Կարգապահությունը կամ հասարակական կարգը խախտած փրկարարական ծառայողներին կարող են տրվել սույն կանոնագրքով սահմանված միայն այն կարգապահական տույժերը, որոնք համապատասխանում են կոչման և նրա` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնող հրամանատարի (պետի) կարգապահական իրավունքին:
2. Հրամանատարի (պետի) կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը պետք է նախորդի ծառայողական քննություն, որը կատարվում է մեղավորներին հայտնաբերելու և զանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու նպատակով:
3. Ծառայողական քննության ընթացքում հրամանատարը (պետը) պարզում է, թե կատարվել է արդյոք զանցանք` երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է` մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, եթե զանցանքը կատարել է մի քանի անձ, զանցանքի հետևանքները, մեղավորի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառներն ու պայմանները:
4. Եթե ծառայողական քննությամբ պարզվում է, որ փրկարարական ծառայողի արարքը պարունակում է հանցակազմի հատկանիշներ, ապա պետերը սահմանված կարգով նյութերը ներկայացնում են համապատասխան իրավապահ մարմիններ:
5. Մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա փրկարարական ծառայության տևողությունը և ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը:
6. Կարգապահական տույժը խստացվում է, եթե զանցանքը կատարվել է հերթապահության և ծառայողական այլ պարտականություններ կատարելու ժամանակ, ոչ սթափ վիճակում կամ այն դեպքում, երբ զանցանքի հետևանքով տեղի է ունեցել կարգ ու կանոնի խախտում:
7. Փրկարարական ծառայողին կարգապահական տույժը, որպես կանոն, պետք է տրվի զանցանքի կատարման պահից մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, և կարգապահական տույժ տալիս հրամանատարը (պետը) չպետք է նվաստացնի ենթակայի անձնական արժանապատվությունն ու կոպտություն թույլ տա:
8. Ծառայության մեջ բացթողումների համար հրամանատարի (պետի) նախազգուշացումը, դիտողությունն ու խիստ ցուցումը կարգապահական տույժ չեն համարվում:
9. Եթե փրկարարական ծառայողն իրեն անմեղ է համարում, իրավունք ունի կարգապահական տույժ տալու պահից 10 օրվա ընթացքում բողոքարկելու այն:
10. Օրվա հերթափոխում գտնվելու ընթացքում կատարած զանցանքի համար կարգապահական տույժ կարող է տրվել վերակարգի հերթափոխից կամ այլ փրկարարական ծառայողի կողմից նրան փոխարինելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:
11. Անսթափ վիճակում գտնվող փրկարարական ծառայողին կարգապահական տույժ տալը, ինչպես նաև նրանից որևէ բացատրություն ստանալը հետաձգվում են մինչև նրա սթափվելը:
12. Արգելվում է միևնույն զանցանքի համար մի քանի կարգապահական տույժ տալը կամ մի տույժ մյուսին միացնելը, անմիջական մեղավորին պատժելու փոխարեն ստորաբաժանման ամբողջ անձնակազմին տույժ տալը:
13. Եթե ենթակայի կատարած զանցանքի ծանրության համեմատ հրամանատարը (պետը) տրված կարգապահական իրավունքը համարում է ոչ բավարար, ապա միջնորդություն է հարուցում ավելի բարձր հրամանատարի (պետի) առջև` մեղավորին տույժ տալու համար:
14. Իրեն տրված կարգապահական իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:
15. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի փոխելու կամ նվազեցնելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն տրված իրավունքը:
16. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե գտնում է, որ այդ տույժը չի համապատասխանում զանցանքի ծանրությանը և կարող է ավելի խիստ տույժ տալ:
17. Հանցագործության համար կարգապահական տույժ ստացած և պետությանը նյութական վնաս հասցրած փրկարարական ծառայողը չի ազատվում քրեական և նյութական պատասխանատվությունից:
18. Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(76-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-239-Ն)