Հոդված 110. Ստորաբաժանման ղեկավարի որոշումը
Հոդված 110. Ստորաբաժանման ղեկավարի որոշումը
1. Խնդրի պարզաբանման, իրավիճակի գնահատման և կատարված հաշվարկների արդյունքում հրամանատարն ընդունում է որոշում, որտեղ սահմանում է`
1) գործողությունների մտահղացումը.
2) ստորաբաժանումների խնդիրները.
3) փոխգործողության և ապահովման խնդիրները.
4) կառավարման կազմակերպումը.
5) անվտանգության կանոնները:
2. Որոշման հիմքը գործողությունների մտահղացումն է: Դրանով որոշվում են`
1) հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունները.
2) խնդիրների կատարման հաջորդականությունը և ձևերը.
3) պահեստային ուժերի և միջոցների բաշխումը.
4) ուժերի խմբավորման մեջ ստորաբաժանման տեղը, շարասյուների քանակը, դրանց հերթափոխները և ռեզերվը:
3. Որոշումը, որպես կանոն, ձևակերպվում է քարտեզի վրա, կից հակիրճ բացատրագրով:
4. Հրամանատարի որոշման հիման վրա մշակվում է ստորաբաժանումների գործողությունների պլան, որում արտացոլվում են`
1) եզրահանգումներ իրավիճակի գնահատումից.
2) գործողությունների նպատակը և մտահղացումը.
3) ձեռնարկվող աշխատանքների ծավալը.
4) ներգրավվող ուժերի և միջոցների կազմը.
5) հատկացված ռեսուրսների և նյութական միջոցների ծախսը.
6) ենթակա ստորաբաժանումների խնդիրները.
7) հնարավոր գործողությունների տարբերակները և կարգը.
8) ռեզերվի կազմը և խնդիրները.
9) փոխգործողությունների կազմակերպումը.
10) համակողմանի ապահովման կազմակերպումը.
11) կառավարման ապահովումը:
5. Պլանի հիմքում ընկած է ընդհանուր մասը, որը մշակվում է տեքստային, իսկ առանձին խնդիրների կատարման համար մշակվում են հավելվածներ:
6. Խնդիրների լուծման ընթացքում պլանը կարող է ճշգրտվել (ըստ անհրաժեշտության), և հիմնականում ճշգրտվում են ընդգրկվող ուժերի և միջոցների կազմը, դրանց գործելակերպը, աշխատանքային տեղամասերը, որտեղ պետք է կենտրոնացվեն հիմնական ջանքերը, ուժերով և միջոցներով մանևրելու ժամկետները և կարգը, գործողությունների ապահովման լրացուցիչ միջոցառումները, աշխատանքների իրականացման ժամկետները:
7. Ենթակա ստորաբաժանումների խնդրադրումն իրականացվում է հրամանատարի, տեղակալների կամ հրամանատարի լիազորած այլ անձի հրամաններով և կարգադրություններով:
8. Առաջին հերթին խնդրադրվում են այն ստորաբաժանումները, որոնք լուծում են գլխավոր խնդիրները, գործողությունները սկսում են մյուսներից շուտ, կամ անհրաժեշտ է ավելի մեծ ժամանակ, քան մյուս ստորաբաժանումներին: