Հոդված 35. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պարտականությունները
Հոդված 35. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պարտականությունները
1. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ջոկատի պատրաստականության, օրինականության անշեղ և խստիվ պահպանման ու կատարման համար, կադրերի ընտրության, կարգապահության, ծառայողական պատրաստվածության, ծառայության կազմակերպման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների անցկացման, մարտական խնդիրների կատարման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, հրշեջ ջոկատի սենյակների, սարքավորումների կամ միջոցների, հրշեջ-փրկարարական տեխնիկայի պահպանման ու ճիշտ շահագործման համար:
2. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը պարտավոր է՝
1) իմանալ սպասարկման տարածքը` հրդեհավտանգ օբյեկտների, շենքերի ու շինությունների վայրերը և հակահրդեհային վիճակը, հրդեհավտանգավորությունն ու կառուցվածքային առանձնահատկությունները, տարածքի հակահրդեհային ջրամատակարարումը, ճանապարհներն ու կապը, ջոկատում գտնվող հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների մարտավարական տվյալներն ու ճիշտ շահագործման ձևերը, ժամանակին օպերատիվ արձագանքել հրդեհային և փրկարարական իրավիճակի փոփոխմանը.
2) ուսումնասիրել և գիտենալ ենթակա անձնակազմի գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, ղեկավարել և անձամբ անցկացնել անձնակազմի ծառայողական պատրաստության դասընթացները, դաստիարակել նրանց մասնագիտությանը սիրով վերաբերվելու, կանոնագրքերի և կանոնադրությունների պահանջների ու պետերի հրամանների անառարկելի կատարման ոգով.
3) կազմակերպել և վերահսկել վերակարգի ծառայությունն ու ջոկատի անձնակազմի ամենօրյա աշխատանքը, նրանց ցույց տալ մշտական գործնական օգնություն.
4) իրավիճակից ելնելով՝ մշակել լրացուցիչ միջոցառումներ տարածքի (օբյեկտի) պահպանումն ուժեղացնելու համար և փոփոխություններ մտցնել ծառայության կազմակերպման մեջ.
5) ղեկավարել գազածխապաշտպան ծառայության օղակների անձնակազմի պատրաստումը շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատելուն, վերահսկել գազածխապաշտպանների անվտանգ աշխատանքն ապահովող մեկուսիչ հակագազերի, կապի միջոցների, սարքավորումների և հանդերձանքի ճիշտ շահագործման ու պահպանման վիճակը.
6) կազմակերպել և ապահովել անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության և արտադրական հիգիենայի միջոցառումների կատարումը.
7) սահմանել վերակարգի մեջ չմտնող անձնակազմի աշխատանքները սկսելու ժամանակն ու կարգը.
8) մեկնել հրդեհների, վթարների և տարերային աղետների վայր ու, համաձայն կանոնագրքի պահանջների և ելնելով իրավիճակից, ղեկավարել հրդեհների մարման կամ անձնակազմի կողմից կատարվող` տարերային աղետների, վթարների հետևանքների նվազեցման աշխատանքները.
9) հոգատարություն ցուցաբերել ջոկատի անձնակազմին՝ կենցաղային պայմանների բարելավման համար, գիտենալ նրանց պահանջներն ու կարիքները, հոգալ դրանց բավարարումը.
10) անձամբ ներկա լինել վերակարգի հերթափոխությանը և ստուգել ծառայության փաստաթղթերը, վերահսկել հրամանատարական կազմի կողմից անցկացվող դասերը.
11) քաղաքի, տարածքի, օբյեկտների ծառայությունների հետ մշակել հրդեհների մարման, վթարների և աղետների հետևանքների նվազեցման համագործակցության հրահանգները.
12) ապահովել տեխնիկայի, սարքավորումների մշտապես պատրաստի վիճակում պահպանումը, յուրաքանչյուր ամիս ստուգել դրանց վիճակն ու վառելիքաքսուքային և շահագործման ծախսերի հաշվառումը.
13) կազմակերպել և անձամբ մասնակցել հրդեհաշիջման պլաններին, քարտերի մշակմանը և դրանց վերամշակմանը.
14) ապահովել ջոկատի ծառայողական և կենցաղային սենյակների ճիշտ օգտագործումը, ինչպես նաև դրանց հակահրդեհային վիճակը.
15) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները: