Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-ին հոդվածով.
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-ին հոդվածով.
«Հոդված 49․1․ Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերին առաջադրվող պահանջները
1. Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնք կարող են ստորագրվել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, հաստատում է Կառավարությունը։ Այդ պայմանագրերն արտացոլվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում:
2. «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով կազմված պայմանագրի հավելվածները (բաղկացուցիչ մասերը) պայմանագրին կցագրվում են (ներբեռնվում են) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում պայմանագրի կազմման ժամանակ, ընդ որում հավելվածները (բաղկացուցիչ մասերը)՝
1) կցագրվում են (ներբեռնվում են) էլեկտրոնային ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով.
2) պետք է լինեն հայերեն և ընթեռնելի.
3) պետք է տեսաներածված լինեն գունավոր այնպես, որ փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագիրը կազմելուց, իսկ առկայության դեպքում նաև հավելվածները (բաղկացուցիչ մասերը) կցագրելուց (ներբեռնելուց) հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվում են պայմանագրի (ներառյալ հավելվածների)՝ ստորագրման ենթակա ՓիԴիԷֆ (PDF) էլեկտրոնային տարբերակը և պայմանագրի ծածկագիրը:
4. Պայմանագրի տեքստը, այդ թվում՝ կողմերի տվյալները, փաստաթուղթը կազմելու և ստորագրելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով) ինքնաշխատ եղանակով ձևավորվում են անշարժ գույքի էլեկտրոնային շտեմարանի տվյալներից, բացառությամբ պայմանագրի արժեքի, դրա ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա, ամսաթվի, որոնք ենթակա են լրացման կողմերի կողմից:
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը:»: