Հոդված 15. Խախտման վերաբերյալ արձանագրությունը և դրա բովանդակությունը
Հոդված 15. Խախտման վերաբերյալ արձանագրությունը և դրա բովանդակությունը
Խախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում են տեսչական մարմնի ծառայողները` երեք օրինակից:
Խախտման վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
- արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը և տեղը.
- արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- տեղեկություններ` խախտում թույլ տված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասին (գործունեության հասցեն, անվանումը, ղեկավարի կամ պատասխանատու մասնագետի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը, բնակության հասցեն).
- խախտումը կատարելու տեղը, ժամանակը և բնույթը.
- գործի քննության ժամկետները.
- խախտման վերաբերյալ քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կամ նրա լիազորած անձի բացատրությունը.
- գործի քննության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը և խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած անձը, որին ստորագրությամբ հանձնվում է արձանագրության մեկ օրինակը:
Եթե խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած անձը չեն ստորագրում արձանագրությունը, ապա այդ մասին արձանագրությունում նշում է կատարում այն կազմող անձը:
Խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ներկայացնել արձանագրությանը կից լրացուցիչ բացատրություններ և դիտողություններ, ինչպես նաև շարադրել արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները:
Արձանագրությունն ստորագրելուց և այն ստանալուց հրաժարվելն իրավաբանական անձին չի ազատում սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այն իրավաբանական անձին ուղարկվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստով:
(15-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն, խմբ., փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն, լրաց. 04.12.25 ՀՕ-432-Ն)