Հոդված 5. Պետական լիազոր մարմնի գործառույթները
Հոդված 5. Պետական լիազոր մարմնի գործառույթները
1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝
1) ապրանքային նշանների հայտերի ընդունումը և քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը.
2) ապրանքային նշանների միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, դրանց փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը.
3) ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումների ընդունումը, քննարկումը և որոշումների ընդունումը.
4) պետական գրանցամատյանի վարումը.
5) ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման, ապրանքային նշանների լիցենզիայի և օրենքով սահմանված դեպքերում ֆրանչայզինգի գրանցումը.
6) ապրանքային նշաններին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցումը.
7) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացումը.
8) Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության ընթացակարգերով ներկայացվող հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը.
9) ապրանքային նշանների գրանցման և վկայագրերի տրման հետ կապված գործընթացների անցկացումը.
10) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցները կառավարության սահմանած կարգով ուղղվում են լիազոր մարմնի` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի), մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ կադրերի պատրաստմանը, խրախուսմանը և տեխնիկատեխնոլոգիական վերազինմանը, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքերում պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնմանը:
Սույն մասի առաջին պարբերությունում նշված միջոցների անբավարարության դեպքում պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են սույն մասի առաջին պարբերությունում նշված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և առաջնահերթություններով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացմանը։
3. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։
4. Պետական լիազոր մարմինն ապահովում է ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների մասին տվյալների էլեկտրոնային եղանակով մատչելիությունը հանրության համար:
5. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը: Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում: Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։
(5-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-272-Ն, 28.09.16 ՀՕ-155-Ն, խմբ. 20.12.17 ՀՕ-26-Ն)