Հոդված 5. Պետական լիազոր մարմնի գործառույթները
Հոդված 5. Պետական լիազոր մարմնի գործառույթները
1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝
1) ապրանքային նշանների հայտերի ընդունումը և քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը.
2) ապրանքային նշանների միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, դրանց փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը.
3) ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումների ընդունումը, քննարկումը և որոշումների ընդունումը.
4) պետական գրանցամատյանի վարումը.
5) ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման, ապրանքային նշանների լիցենզիայի և օրենքով սահմանված դեպքերում ֆրանչայզինգի գրանցումը.
6) ապրանքային նշաններին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցումը.
7) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացումը.
8) Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության ընթացակարգերով ներկայացվող հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը.
9) ապրանքային նշանների գրանցման և վկայագրերի տրման հետ կապված գործընթացների անցկացումը.
10) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցներն ուղղվում են պետական բյուջե:
3. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։
4. Պետական լիազոր մարմինն ապահովում է ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների մասին տվյալների էլեկտրոնային եղանակով մատչելիությունը հանրության համար:
5. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը: Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում: Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։
(5-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-272-Ն, 28.09.16 ՀՕ-155-Ն, խմբ. 20.12.17 ՀՕ-26-Ն, 14.11.19 ՀՕ-236-Ն)