Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-12-15-ից մինչև 2017-03-30։Բացել գործող տեքստը

Հոդված 4. Ստուգման ժամկետները

գործել է մինչև 2017-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 4. Ստուգման ժամկետները

1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:

Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ` տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների մասին: (նախադասությունը հանվել է 07.05.15 ՀՕ-40-Ն)

2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ և քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո, ինչպես նաև ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում` դրանք վերադարձվելուց հետո ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 90 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):

Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`

1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.

2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.

3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճաններից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:

3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ`

1) լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.

2) ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`

ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին,

բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին,

գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են).

3) տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ.

4) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ.

5) իրականացվում են ակցիզային դրոշմանիշերի, դրոշմապիտակների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների, ինչպես նաև չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ.

5.1) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախտումներ.

5.2) իրականացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների կամ բնապահպանական կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն ընդերքօգտագործող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ընդգրկված են սույն կետում նշված ստուգումներ իրականացնող մարմիններից որևէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվում են ստուգումներ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում, կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համաձայն.

7) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետային շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման ոլորտի գործունեություն.

8) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստը բացահայտվել և հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում.

9) ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

Սույն մասի 1-9-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:

Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաև սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել:

4. Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասով մեկ ստուգման համար սահմանված ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ստուգում: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի թեմատիկ ստուգումից (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետով սահմանված ստուգումների) հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:

Կրկնակի ստուգում անցկացնելու հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգմամբ այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 11.12.02 ՀՕ-480-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 15.12.05 ՀՕ-28-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց. 30.09.08 ՀՕ-167-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 07.12.11 ՀՕ-309-Ն, փոփ. 22.06.12 ՀՕ-168-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-130-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-40-Ն, 16.05.16 ՀՕ-85-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։