Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-22-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 3. Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

1. Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է:

2. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:

Հարկային մարմինների կողմից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերմանն ուղղված ստուգումների ժամանակ ստուգման հրամանում (հանձնարարագրում) նշվում են ստուգումն իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը:

3. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների, բացառությամբ սննդամթերքի վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, բացառությամբ սննդամթերքի ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի ոլորտի համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման, հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների գրանցման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, պարզեցված հարկ վճարողների մոտ իրենց պատկանող ապրանքային մնացորդների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ հարկային մարմինների կողմից չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների և (կամ) բնապահպանական տեսչական մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի և կարգի վարման, առանց տեխնիկական զննման վարման դեպքերում, բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից, օդանավակայաններից և սահմանային այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության կողմից առանց անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և համապատասխան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնելու, սննդամթերքի արտադրության, վերամշակման և իրացման փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման, սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին և վերամշակված սննդամթերքին և դրանց պահման պայմաններին ներկայացվող պահանջների, ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների, մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

4. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն):

5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:

(3-րդ հոդ. փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 24.12.04 ՀՕ-53-Ն, 08.07.05 ՀՕ-150-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն, 11.11.05 ՀՕ-218-Ն, 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-84-Ն, 07.07.06 ՀՕ-162-Ն, 27.11.06 ՀՕ-195-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-108-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-265-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։