Հոդված 3. Ստուգումների նպատակը և անցկացման կարգը
Հոդված 3. Ստուգումների նպատակը և անցկացման կարգը
1. Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է: 2. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչության պետին: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի տնօրենին:
Հարկային մարմինների կողմից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերմանն ուղղված ստուգումների ժամանակ ստուգման հրամանում (հանձնարարագրում) նշվում են ստուգումն իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը:
3. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ, վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի, հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին: 4. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն): 5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակները և շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:
(3-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-282, լրաց. 06.11.02 ՀՕ-453-Ն)