Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-23-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 2.1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը և ստուգումների պլանավորումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը և ստուգումների պլանավորումը

1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ստուգում իրականացնող մարմինների կողմից ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է:

Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:

2. Ստուգումները պլանավորելու նպատակով`

1) ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.

2) ստուգում իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը.

3) ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`

ա. բարձր ռիսկայնության,

բ. միջին ռիսկայնության,

գ. ցածր ռիսկայնության:

3. Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

4. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, և ներառում է հետևյալ տեղեկությունները`

1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.

2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.

4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:

5. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:

6. Ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, և ուժի մեջ է մտնում ընդունումից մեկ ամիս հետո: Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների վրա:

Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է նաև վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), տեղեկություններ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակի և հիմքերի վերաբերյալ: Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2.1-ին հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-243-Ն, 19.12.12 ՀՕ-242-Ն)

◙ ( «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-66-Ն (ՀՀՊՏ N 19, 29.03.2017 թ.) օրենքի 2-րդ հոդվածով 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 (ՀՀՊՏ N 14, 23.06.2000 թ.) օրենքի 2.1-ին հոդվածում «էկոնոմիկայի» բառը փոխարինվում է «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:

Փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ «էկոնոմիկայի» բառ 2.1-ին հոդվածում չկա:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։