Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
(վերնագիրը խմբ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
թմրամիջոցներ` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ (այսուհետ՝ պրեկուրսորներ)` նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալիս, արտադրելիս, պատրաստելիս, վերամշակելիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
պատրաստուկներ՝ ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի խառնուրդ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում ընդգրկված մեկ կամ մի քանի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.
թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն).
թմրամոլություն` թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդությունների դասակարգչին համապատասխան.
թմրամոլությամբ հիվանդ՝ սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության միջոցով «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ.
թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգներ (համարժեքներ)` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնց քիմիական կազմը և հատկությունները նման են այն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քիմիական կազմին և հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են:
(3-րդ հոդվածը խմբ. 08.09.08 ՀՕ-158-Ն)