Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հոգեկան առողջություն` մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խանգարումների կանխարգելում և այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
3) հոգեկան խանգարում` հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչի հոգեկան և վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.
4) հոգեկան խանգարումով տառապող անձ` հոգեկան խանգարման հետևանքով հոգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.
5) հոգեբուժական օգնություն` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևերով հոգեկան խանգարումով տառապող անձին տրամադրվող բժշկական խորհրդատվություն կամ հետազոտում կամ ախտորոշում կամ բուժում կամ խնամք ու սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն.
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն` հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան խանգարման հետազոտում կամ ախտորոշում, բուժում կամ հոգեբուժական փորձաքննություն, որը կազմակերպվում է այն դեպքերում, երբ նրան անհրաժեշտ է անմիջական տևական հսկողություն և խնամք հիվանդանոցային պայմաններում.
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն` հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն կամ հոգեբուժական փորձաքննություն կամ բուժում կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում.
8) դիսպանսերային հոգեբուժական օգնություն` քրոնիկ հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ արտահիվանդանոցային ձևով տևական հսկողության և բուժման իրականացում.
9) հոգեբուժական կազմակերպություն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.
10) հոգեբուժական հիվանդանոց` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է շուրջօրյա հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձևով իրականացումը.
11) ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական կազմակերպության կամ այլ բժշկական հաստատության կազմում գտնվող բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձևով իրականացումը.
12) հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հոգեբուժական հիվանդանոցի կազմում գտնվող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում.
13) հոգեբույժ` բարձրագույն բժշկական կրթություն և որակավորում ստացած և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.
14) բժշկական (կլինիկական) հոգեբան` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած և հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.
15) հոսպիտալացում` հոգեկան խանգարումով տառապող անձի հոժարակամ և ոչ հոժարակամ (հարկադիր) ձևերով ընդունում հոգեբուժական հաստատություն.
16) հոգեբուժական հանձնաժողով` 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաև նյարդաբանից կազմված մասնագետների խումբ (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից), որ ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով և իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն.
17) իրազեկման թերթիկի ձև` լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի ձևաթուղթ, որում թվարկված են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքները:
(3-րդ հոդվածը փոփ. 19.05.09 ՀՕ-127-Ն, խմբ. 07.10.09 ՀՕ-185-Ն, լրաց. 17.05.10 ՀՕ-89-Ն)