Հոդված 12
Հոդված 12.
Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները
Հավաստագրման կենտրոնները պարտավոր են՝
ա) իրենց ծառայությունների մատուցման համար ստորագրող անձի հետ կնքել համապատասխան պայմանագիր` հավաստագրեր տրամադրելու, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ մատուցելու վերաբերյալ.
բ) տրամադրել էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման տվյալները.
գ) հաշվառել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերը և ստուգման տվյալները.
դ) հավաստել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի և էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների պատկանելիությունն ստորագրող անձին.
ե) նույնականացնել և հաստատել էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և հավաստագրի համապատասխանությունը.
զ) երաշխավորել էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանվածությունը.
է) նախքան անձի հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելը պատշաճ ձևով տեղեկացնել նրան էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման պայմաններին, ներառյալ` դրա օգտագործման սահմանափակումները.
ը) էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ տրամադրելիս ապահովել այդ ծառայության մատուցման գաղտնիությունը` իրենց մոտ չպահպանելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները:
Հավաստագրման կենտրոնները կարող են`
ա) կասեցնել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի գործողությունը (վավերությունը) սույն օրենքով և ստորագրող անձի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում.
բ) մատուցել էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ:
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, կազմակերպություններն իրավունք ունեն ընտրելու կամ ստեղծելու հավաստագրման կենտրոններ՝ իրենց տեղեկատվական համակարգերում կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրելու և դրանց հետ կապված այլ ծառայություններ մատուցելու նպատակով:
(12-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-69-Ն)