Հոդված 10.1. Քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունը
Հոդված 10.1. Քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունը
Քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմինը`
ա) մշակում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական ծրագրերի նախագծեր, որոնց հաստատումից հետո իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է դրանց իրականացումը.
բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծեր.
գ) օրենքով սահմանված կարգով ընդունում և հաշվառում է քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի ազգային ստանդարտներից).
դ) ապահովում է օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակումը և այդ նախագծերի հաստատումից հետո` դրանց իրականացման մոնիթորինգը.
դ.1) սույն օրենքի 14.3 հոդվածի 7-րդ, 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված պահանջների ապահովմամբ համակարգում է միկրոռեգիոնալ և տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները և այդ փաստաթղթերի հաստատումից հետո ապահովում դրանց իրագործման վերահսկողությունը.
ե) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը, բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննությունը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը.
է) օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունը.
ը) օրենքով սահմանված կարգով իրականացնում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորումը.
թ) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքների և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարության մշակումը.
ժ) օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումը.
ժա) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումը, տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը.
ժբ) մասնակցում է հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման, ինչպես նաև ճյուղային պետական նպատակային ծրագրերի մշակմանը` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.
ժգ) իրականացնում է օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(10.1-ին հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, փոփ. 08.07.05 ՀՕ-167-Ն, լրաց., փոփ. 21.12.15 ՀՕ-185-Ն)