Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-05-12։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 22.1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը

գործել է մինչև 2023-05-12Բացել ARLIS-ում

Հոդված 22.1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը

1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները (այսուհետ` ելակետային տվյալներ) կամ տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:

Ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, և կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:

Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրում են ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնի հարցումն ստանալուց հետո՝ Կառավարության սահմանած ընթացակարգով և ժամկետներում: Նշված ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ ելակետային տվյալի կամ տեխնիկական պայմանի տրամադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրվում են՝ ելնելով քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և կառուցապատողի համար դրանց միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից: Նշված պայմաններն ապահովելու անհնարինությունը պետք է լինի հստակ հիմնավորված:

Համայնքի ղեկավարի կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանի ժամկետը սահմանում է Կառավարությունը:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:

3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու կամ օգտագործման տրամադրելու դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը ներառվում է աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում կամ մրցույթի պայմաններում: Օրենսդրությամբ սահմանված հողամասի տրամադրման այլ դեպքերում ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է հողամասը հատկացնելու մասին որոշման հետ միաժամանակ:

4. Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից սույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:

5. Ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

6․Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած ընթացակարգով և ժամկետներում:

7. Համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:

8. Համայնքի ղեկավարը ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը կարող է մերժել միայն օրենսդրությամբ նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում:

(22.1-ին հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-226-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն, լրաց., փոփ., խմբ. 26.05.21 ՀՕ-233-Ն)

(26.05.21 ՀՕ-233-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։