Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-08-04։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ տեղական ու միկրոռեգիոնալ մակարդակներում տարածական պլանավորումը

Հոդված 14.3. Քաղաքաշինական գործունեության կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում

գործել է մինչև 2024-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 14.3. Քաղաքաշինական գործունեության կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում

(վերնագիրը խմբ. 23.06.11 ՀՕ-226-Ն)

1. Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով և այլ օրենքներով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտիավորման նախագծով:

2. Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաև տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը կանոնակարգելու և արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:

3. Գլխավոր հատակագծով տարածքային ռեսուրսների ու կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման վրա սահմանվում են համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները, ամրագրվում են սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների տեղադրման ու զարգացման փոխկապակցված լուծումները, ինչպես նաև բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, լանդշաֆտների, բնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները` պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր ապահովմամբ:

4. Հայաստանի Հանրապետության բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների համար մշակվում է պարզեցված գլխավոր հատակագիծ, որը սահմանում է նվազագույն պարտադիր պահանջներ` մարդկանց անվտանգության, շենքերի, շինությունների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կայունության ու երաշխավորված շահագործման, քաղաքաշինական և բնական միջավայրերի միջև ներդաշնակության ապահովման համար:

5. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը (այդ թվում` վերջիններիս կազմում մշակվող` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները և նախագծման առաջադրանքը) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

6. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և նախագծման առաջադրանքները ենթակա են դրանց մշակմանն առնչվող պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցման (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)` Կառավարության սահմանած կարգով:

7. Տեղական և միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն աջակցելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կոմիտեում ստեղծվում է տեղական և միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով)` պետական կառավարման շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Միջգերատեսչական հանձնաժողովը համակարգում է տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները և ապահովում դրանց կազմում ներառված դրույթների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին` պետական կառավարման շահագրգիռ մարմինների կանոնադրական նպատակներին և խնդիրներին առնչվող մասով:

8. Տեղական և միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերը և դրանց նախագծման առաջադրանքները քննարկում են միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, և դրանք կարող են հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և (կամ) դրանց փոփոխություններն առ ոչինչ են:

8.1. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված տարածական պլանավորման փաստաթղթերը և դրանց նախագծման առաջադրանքները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվում`

1) տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` համայնքի ղեկավարի կողմից.

2) միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` կոմիտեի կողմից:

9. Համայնքի ավագանին, հաստատելով գլխավոր հատակագիծը, իրավունք է ստանում սույն օրենքով և ՀՀ կառավարության սահմանված կարգով փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը՝ գլխավոր հատակագծով նախատեսված ծավալով ու փուլերով:

10. Համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարվում կամ օգտագործման են տրամադրվում համայնքի ավագանու հաստատած ամենամյա և քառամյա ծրագրերին համապատասխան:

11. Համայնքի ղեկավարը իր իրավասությունների սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, սույն հոդվածի իններորդ մասի համաձայն, նպատակային նշանակությունը փոփոխած հողամասերը կարող է տրամադրել սեփականության կամ օգտագործման իրավունքով, ինչպես նաև տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանքներ` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:

12. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասը և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման: Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և կոմիտեին` կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը: Սույն մասին համապատասխան` պետական գրանցում չունեցող հողամասերում նախատեսվող օբյեկտի համար շինարարության թույլտվություն չի տրվում:

13. Մինչև սույն հոդվածի տասներկուերորդ մասով սահմանված համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը հողամասը դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:

14. Սույն հոդվածի տասներկուերորդ մասի համաձայն` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի, մարզի հողային հաշվեկշռում:

15. Համայնքների հաստատված, այդ թվում` սույն օրենքի 30 հոդվածի երրորդ մասով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխությունները (ներառյալ` կառուցապատման փուլերը) կատարվում են Կառավարության սահմանած կարգով:

16. Հաստատված գլխավոր հատակագծեր և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:

17. Քաղաքաշինական գոտիավորման նախագիծը (այսուհետ` գոտիավորման նախագիծ) համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ է և հիմք է քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:

18. Բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեսված կամ նախատեսվող տարածքների հողօգտագործման և կառուցապատման կանոններն ու պայմանակարգերը (ռեգլամենտները) սահմանվում են գոտիավորման նախագծերով` «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով, սույն օրենքի 14.2 հոդվածով սահմանված օժանդակ գոտիավորման միջոցով` հիմք ընդունելով գլխավոր հատակագծով սահմանված հիմնական (բազային) գոտիավորումը: Ըստ առանձնացված գոտիների սահմանված քաղաքաշինական նպատակներով հողերի օգտագործման և կառուցապատման թույլատրելի տեսակներն ու պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:

19. մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը մշակվում է բնակավայրի, ինչպես նաև բնակավայրից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` գլխավոր հատակագծի կազմում:

20. Տասնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքների (բացառությամբ Երևան քաղաքի) գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագիծը մշակվում է գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների, ինչպես նաև գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքով նախատեսված և տվյալ համայնքի առանձնահատկություններից բխող` կարևոր քաղաքաշինական հանգույցներ ներառող տարածքների համար:

Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված համայնքների այլ տարածքների համար գոտիավորման նախագծերը մշակվում են գլխավոր հատակագծով սահմանված ժամկետներում ու հերթականությամբ` որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ընդ որում` դրանց մշակման ժամանակացույցը ներառվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրում:

21. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագծեր չեն մշակվում: Դրանք մշակվում, հաստատվում և փոփոխվում են որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր` սույն հոդվածի քսաներորդ մասի երկրորդ պարբերությամբ և քսաներեքերորդ մասի պահանջներին համապատասխան` սույն օրենքով սահմանված կարգով:

21.1. Հայաստանի Հանրապետության բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների համար մշակվում է պարզեցված գոտիավորման նախագիծ` հողօգտագործման և կառուցապատման նվազագույն պարտադիր պահանջների սահմանմամբ:

22. Գլխավոր հատակագծի կազմում մշակված գոտիավորման նախագիծը հաստատվում և փոփոխվում է սույն հոդվածի 8-րդ և 15-րդ մասերով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված կարգով:

23. Որպես ինքնուրույն փաստաթուղթ` մշակված գոտիավորման նախագիծը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է ավագանին: Եթե այն պարունակում է հաստատված գլխավոր հատակագծով սահմանված պահանջների փոփոխություն, ապա համայնքի ավագանու կողմից գոտիավորման նախագիծը հաստատվում է գլխավոր հատակագծի` սույն օրենքին համապատասխան կատարված փոփոխությունները հաստատվելուց հետո:

Գոտիավորման նախագծի և դրա հաստատման կամ փոփոխման մասին որոշման պատճենները եռօրյա ժամկետում ներկայացվում են կոմիտե:

24. Գլխավոր հատակագիծը և գոտիավորման նախագիծը մշակվում են համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով:

25. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական համալիր և բնապահպանական փորձաքննության:

26. Պետության կողմից համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր չունեցող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի մշակմանը:

27. Մինչև սույն օրենքի 30 հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետը, որպես համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելուն ուղղված պետական խրախուսման միջոց, Կառավարության սահմանած դեպքերում և կարգով, կախված տվյալ տարվա բյուջետային հնարավորություններից, կարող են նախատեսվել պետական բյուջեի միջոցների հաշվին համաֆինանսավորում` ըստ տարիների աստիճանաբար նվազող համամասնությամբ, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերի (տոպոգրաֆիական հանույթներ և կադաստրային քարտեզագրման նյութեր) անվճար տրամադրում համայնքներին:

28. Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր ներառվում են համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման (եթե համայնքը չունի սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագիծ և (կամ) գոտիավորման նախագիծ) կամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին դրույթներ:

29. Պետական կամ համայնքային նշանակության նոր ծրագրի ընդունման հետևանքով առաջ եկած պահանջի դեպքում համայնքի հաստատված գլխավոր հատակագծում և (կամ) գոտիավորման նախագծում սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ` նշված ծրագրով այդ նպատակի համար նախատեսվող միջոցների հաշվին:

30. Գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ), որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46 հոդվածի պահանջներին համապատասխան:

31. Հաստատված գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը և հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:

32. Արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

33. Գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաև դրանց մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման կարգը սահմանում է Կառավարությունը:

(14.3-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-167-Ն, փոփ. 12.05.09 ՀՕ-116-Ն, խմբ. 23.06.11 ՀՕ-226-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.12.15 ՀՕ-185-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-171-Ն, 23.03.18 ՀՕ-265-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-503-Ն, փոփ., խմբ. 06.07.22 ՀՕ-286-Ն)

(14.3-րդ հոդվածի 32-րդ մասն ուժի մեջ է մտնում 01.07.2024 թվականին` համաձայն սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։