Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-22-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Հոդված 13

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները

(վերնագիրը խմբ. 06.07.22 ՀՕ-286-Ն)

1. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն՝

1) ստանալու ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.

2) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը մասնակցելու դրանց քննարկումներին, ներկայացնելու տարբեր իրավական ակտերով և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.

3) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկելու անկախ փորձաքննության.

4) վերադասության և դատական կարգով բողոքարկելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ընդունած վարչական ակտերը, գործողություններն ու անգործությունը:

2. Համապատասխան մարզպետը և համայնքի ղեկավարը պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:

3. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկմանը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Կառավարությունը:

(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն, խմբ. 06.07.22 ՀՕ-286-Ն, փոփ. 13.04.23 ՀՕ-139-Ն)

(06.07.22 ՀՕ-286-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(13.04.23 ՀՕ-139-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։