Հոդված 20
Հոդված 20.
Պետական քաղաքաշինական կադաստրը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը և լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումը
(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-433-Ն)
Պետական քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը հիմք է ծառայում պետական քաղաքաշինական քաղաքականության և տարածքային զարգացման ռազմավարության, քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի մշակման, քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար և պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտիավորման և օգտագործման, տարածքների և բնակավայրերի քաղաքաշինական պլանավորման և կառուցապատման, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի, իրավական այլ ակտերի, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և սերվիտուտների, տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների բարեկարգման, սեյսմիկ իրադրության, շինարարության համար ինժեներաերկրաբանական և գեոդեզիական, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին:
Պետական քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքը անշարժ գույքի պետական կադաստրն է: Պետական քաղաքաշինական կադաստրը ներառում է նաև քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տվյալներ` այլ ճյուղային կադաստրներից և տեղեկատվական համակարգերից:
Պետական քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունից, բաց է և տրամադրվում է Կառավարության սահմանած կարգով:
Քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի վերաբերյալ դիտարկումների համակարգ է, որը կատարվում է միջավայրի կենսագործունեության վիճակի ուսումնասիրությունների միջոցով: Մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում:
Պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը կատարում է համայնքում համայնքի ղեկավարը, ամբողջ մարզի համար` մարզպետը:
Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումը և կադաստրային ամփոփումը կատարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքման, որակի գնահատման, վերլուծության և արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է, որը ենթադրում է որոշակի մեթոդաբանությունների և գործիքների կիրառում:
Վարկանիշավորումը դասակարգվում է ըստ նվազման չորս աստիճանի՝
1) բարձրագույն.
2) բարձր.
3) միջին.
4) ցածր:
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումն իրականացնում է հետևյալ փուլերով.
1) տվյալների հավաքում.
2) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան որակի գնահատում.
3) վերլուծություն և արդյունքների գրանցում:
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը, որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան, բարձր, միջին և ցածր աստիճանների վարկանիշավորման նպատակով լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է լիցենզավորված անձանց և մասնագետների գրանցամատյաններում առկա տեղեկությունների հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով:
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը, որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան, բարձր աստիճանի վարկանիշավորում ունեցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտների՝ բարձրագույն աստիճանի վարկանիշավորման նպատակով լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից կամավորության սկզբունքով ներկայացված հայտի հիման վրա:
Բարձրագույն աստիճանի վարկանիշավորումն իրականացվում է որակի գնահատման հանձնաժողովի միջոցով:
Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման համար օրենքով կարող են նախատեսվել պետական տուրքեր:
Մոնիթորինգի իրականացման կարգին համապատասխան՝ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացումն ապահովում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:
(20-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն, 23.03.18 ՀՕ-265-Ն, 13.04.23 ՀՕ-139-Ն, խմբ., լրաց. 16.11.22 ՀՕ-433-Ն)
(13.04.23 ՀՕ-139-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.11.22 ՀՕ-433-Ն օրենքն ունի անցումային դրույթ)