Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 15. Նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների վճարովիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների վճարովիությունը

1. Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար ստացված վճարները տնօրինում է նոտարը:

2. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Նոտարն իրավունք ունի ստանալու փոխհատուցում` նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կատարած կամ կատարելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով:

4. Նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:

Նոտարի մատուցած ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար վճարը գանձվում է նոտարի սահմանած ժամկետներում:

5. Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայություններից ստացված, ինչպես նաև նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքով սահմանված չափով և կարգով:

(15-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ. 18.01.22 ՀՕ-19-Ն)

(18.01.22 ՀՕ-19-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։