Հոդված 82.9. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մերժումը
Հոդված 82.9. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մերժումը
1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
1) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու կամ կարգադրություն արձակելու վերաբերյալ նոտարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշում, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի.
2) դիմողը սույն օրենքի 82.7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով վերադարձված դիմումը կրկին ներկայացրել է նոտարին՝ սահմանված ժամկետում չվերացնելով նոտարի կողմից դիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ մատնանշված թերությունները.
3) պահանջն առերևույթ հիմնավորված չէ.
4) գործարքի` պահանջի հիմքում ընկած որևէ էական պայման առ ոչինչ է.
5) դիմումը ներկայացվել է մինչև դիմում ներկայացնելը մահացած ֆիզիկական անձի կամ լուծարված իրավաբանական անձի դեմ.
6) ներկայացվել է պարտապանի կողմից իր պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց:
1.1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մասին պարտապանին ծանուցելուց հետո՝ մինչև գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ կարգադրություն արձակվելը կամ դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից մեկով մերժվելը, դիմողը կարող է ներկայացնել ներկայացված պահանջից հրաժարվելու դիմում: Նշված դիմումը ստանալուց հետո նոտարը եռօրյա ժամկետում մերժում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը:
2. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
1) պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում, ներկայացրել է առարկություն կամ կատարել է վճարման պահանջը.
2) մահացել է ֆիզիկական անձ պարտապանը, կամ լուծարվել է իրավաբանական անձ պարտապանը։
3. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նոտարն այդ մասին կայացնում է որոշում, որը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է դիմողին և պարտապանին:
4. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին նոտարի որոշումը չի զրկում դիմողին հետագայում նույն պահանջը դատարան ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի: Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժվելու դեպքում նույն պահանջով կրկին ներկայացված դիմումը ենթակա է քննության նոտարի կողմից:
(82.9-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 07.02.24 ՀՕ-83-Ն)