Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2023-06-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2023-06-14Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տեխնիկական անվտանգություն` արտադրական և սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը.

տեխնածին վթար` արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերածություններ, չվերահսկվող պայթյուն և հրդեհ, վտանգավոր, վնասակար նյութերի արտանետումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, վնասվել կամ ոչնչացվել են նյութական միջոցներ.

տեխնիկական միջոցներ` տեխնոլոգիական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ մեքենաներ, գործիքներ, պաշտպանական միջոցներ, չափիչ ստուգիչ սարքեր, ավտոմատացման միջոցներ, տեխնիկական սարքավորումներ, ջրային լողամիջոցներ.

արտադրական պատահար` արտադրական վտանգավոր օբյեկտներում օգտագործվող տեխնիկական միջոցների խափանում կամ վնասում, տեխնոլոգիական պրոցեսի ռեժիմից շեղում, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումներ, որոնք կարող են ստեղծել տեխնածին վթարի սպառնալիք.

վթարի ռիսկի գնահատում` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել և գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը.

միջավայրի պաշտպանվածություն` վթարների հետևանքներից մարդկանց կյանքի և առողջության, բնական միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև պետության, այլ սեփականատերերի և քաղաքացիների գույքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացում.

տեխնիկական անվտանգության վկայագիր՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից հաստատված փաստաթուղթ, որի մեջ արտացոլվում և ամփոփվում են տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, շրջակա բնակչության և միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման և վերացման համար նախատեսված միջոցառումների, ինչպես նաև միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին.

տեխնիկական անվտանգության փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին.

փորձագիտական եզրակացություն` տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվող փաստաթուղթ, որի մեջ ամփոփվում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման վիճակը բնութագրող վերլուծություններ, հետևություններ և եզրահանգումներ.

տեխնիկական քննություն` գործառույթ, որի ընթացքում ուսումնասիրվում և փաստաթղթով ձևակերպվում են հիմնավորումներ և եզրահանգումներ տեղի ունեցած վթարների և (կամ) արտադրական դժբախտ դեպքերի տեխնածին բնույթ կրող պատճառների և հանգամանքների վերաբերյալ.

լիազոր մարմին` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման մարմին.

տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած պետական ոչ առևտրային կազմակերպություն.

արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.

շահագործման նպատակով նախապատրաստվող արտադրական վտանգավոր օբյեկտ` սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն ստացած օբյեկտ:

հրագործական նյութ (արտադրանք)՝ ինքնաշխատ օգտագործման՝ հրագործական բաղադրիչների այրման և (կամ) պայթյունի միջոցով անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված հրագործական միացությունների (խառնուրդների), տարրերի, սարքավորումների ու սարքերի ամբողջություն.

հրագործական բաղադրիչ՝ որոշակի քիմիական նյութերի և միացությունների խտացված խառնուրդ, որն այրման և (կամ) պայթյունի արդյունքում գազային, ջերմային, մեխանիկական էներգիայի արտազատման միջոցով ստեղծում է օպտիկական, լուսային, ձայնային, էլեկտրական կամ ճնշումային տարբեր ազդեցություններ.

հրավառություն՝ հրագործական նյութի (արտադրանքի) և հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառում, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը և վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին.

բնակչությանը ազատ վաճառվող հրավառություններ՝ կենցաղային նշանակության հրավառություններ, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն, և ճշտությամբ կատարելով դրանց փաթեթվածքների վրայի օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը.

տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ՝ հրավառություններ, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև օրենսդրության պահանջներին համապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական բացասական եզրակացություն:

Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-203-Ն, 04.03.22 ՀՕ-57-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-490-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։