Հոդված 7.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը
Հոդված 7.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը
(վերնագիրը փոփ. 13.09.19 ՀՕ-178-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-178-Ն)
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
ա.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
բ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
գ) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
դ) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
ե) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
զ) նա մահացել է:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝
ա) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
բ) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
գ) նա մեկ տարվա ընթացքում ավելի, քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
դ) նա խախտել է հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
ե) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.
զ) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
3.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:
3.2. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
3.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:
4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:
(7.2-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-115-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.09.19 ՀՕ-178-Ն)